«Ռոստելեկոմը» Հայաստանում կորպորատիվ հաճախորդներին կառաջարկի Microsoft Office 365 ամպային փաթեթը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան «Ռոստելեկոմը», «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցչությունը և «Մոնտ» ընկերությունը ուրբաթ պաշտոնապես հայտարարեցին ամպային լուծումների ոլորտում համագործակցության մեկնարկի մասին
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որին ներկա էին երեք կառույցների ղեկավարները, ներկայացվեց լիովին նոր մոտեցում արտոնագրված ծրագրային փաթեթների լուծումների վերաբերյալ։
Microsoft Office 365–ը ճկուն ամպային ծառայություն է, որի շնորհիվ անգամ ոչ շատ մեծ ընկերությունները կարող են օգտագործել բարձր որակի գործիքներն ու բիզնես առաջարկների վերջին տարբերակները` Microsoft Exchange Online, Microsoft SharePoint Online и Microsoft Lync Online, որոնց նկատմամբ հասանելիությունն իրականացվում է ինտերնետի միջոցով։
Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված են Office 365 երեք արտոնագրային փաթեթների տարբերակներ՝
Business Essentials (Միայն օնլայն ծառայություններ և 1ՏԲ հիշողություն Onedrive-ում)
Business (1ՏԲ հիշողություն Onedrive-ում և տեղադրվող Office 2016 Standard)
Business Premium (օնլայն ծառայություններ, Onedrive և տեղադրվող Office 2016 Standard)։
«Մենք մշտապես արդիականացնում ենք մեր կողմից բիզնեսին մատուցվող ծառայությունների փաթեթները՝ ավանդական հեռահաղորդակցության ծառայությունները հավելելով բիզնեսի համար շատ կարևոր և անհրաժեշտ նորարական լուծումներով, որոնցից մեկն ամպային ծրագրային լուծումն է», – նշել է Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նրա խոսքով` ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մեկնարկով «Ռոստելեկոմի» հաճախորդներին հնարավորություն կընձեռվի մեկ աղբյուրից լայնաշերտ Ինտերնետի, Հեռախոսակապի, ԱյՓի հեռուստատեսության և այլ ծառայությունների հետ մեկտեղ գնել «Մայքրոսոֆթի» ծրագրային լուծումները։
«Սա ծառայությունների ամբողջական փաթեթ է, որն անհրաժեշտ է բիզնեսին, ընդ որում ծրագրերի օգտագործման արտոնագրերի նախընտրելի ժամկետները կարող են որոշվել հաճախորդի կողմից», – նշել է Ֆարամազյանը։
Շուկայում առաջարկվող Մայքրոոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթը մինչ այժմ ընկերությունները կարող էին ձեռք բերել առցանց և երկարաժամկետ պայմաններով, մինչդեռ «Ռոստելեկոմի» միջոցով կտրամադրվեն առավել նպաստավոր պայմաններ բոլոր ընկերություններին։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–