Մարզերում ուսումնասիրություններն ավարտվել են.մեկնարկել է բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացնեն հանրապետության տարբեր մարզերում, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։
Երկկողմ գործակցության պայմանագրով, կողմերն ընթացիկ տարում կշարունակեն բնակարանաշինության ծրագրով ստանձնած առաքելությունը: Մարզերում ուսումնասիրությունների փուլն արդեն ավարտվել է: Մեկնարկել է ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը: «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղ՝ ծրագրի շահառու դարձած ընտանիքներից մեկին:
Աթոյանները երեք տարի առաջ փորձել են բնակարանի խնդիր լուծել: Ընտանիքի հայրը՝ Արամը, տուն գնելու համար վարկ է վերցրել: Ձեռք բերված կառույցը, սակայն, չի արդարացրել երիտասարդ ընտանիքի հույսերը. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում նրանց հաջողվել է դիմանալ ընդամենը երկու ամիս: Արամի համար իր գնած կիսակառույցը կարգի բերելու ցանկությունը դարձել է հեռավոր երազանք:
«Ամբողջ ընտանիքով աշխատում ենք, սակայն տարիների ընթացքում միայն այս կիսավեր տունը կարողացանք ձեռք բերել: Հույս ունեինք, որ կկարողանանք մեր ուժերով վերանորոգել, ապրելու համար պիտանի դարձնել, սակայն տարիներն անցնում են, երեխաները՝ մեծանում ու հոգսն էլ՝ ավելանում: Իմ և եղբորս ընտանիքի հետ, 11 հոգով ապրում ենք ծնողներիս տանը: Առանց աջակցության, անհնար է առաջիկա տարիներին ավարտին հասցնել շինարարությունը»,- ասել է Արամը:
Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու մասին Արամյանները տեղեկացել են վերջին ուսումնասիրության համար այցելած կազմակերպության ներկայացուցիչներից:
«Ծրագիրը միտված է օգնելու տան կարիք ունեցող բազմանդամ ընտանիքներին, որոնք իրենց ուժերով չեն կարողանում իրականացնել շինարարությունը և միայն մի օգնության ձեռք է հարկավոր դժվար կացությունից դուրս գալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունը հենց այդ օգնությունն է՝ ընտանիքներին Հայաստանում պահելու, սերունդների համար ավելի բարեկարգ հայրենիք ստեղծելու գործում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ուսումնասիրության արդյունքում ընտրված ընտանիքը, մեկ տարվա ընթացքում կավարտի տան շինարարությունը և կտեղափոխվի ապրելու կոմունալ հարմարություններ ունեցող բնակարանում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 630 ավելի ընտանիքների:–0–