Համակարգված աշխատանք՝ տարբեր բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության տարբեր մարզերում դեռևս կա բնակարանաշինության խնդիր և այն լուծելու անհրաժեշտություն: Այդ հարցում հետևողական ու անշահախնդիր աշխատանք իրականացնող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», շարունակում են պատասխանատու մոտեցում դրսևորել: Տարիների գործընկերները համակարգված աշխատանք են տանում՝ հանրապետության բոլոր մարզերում շահառուների հայտնաբերման, կարիքների գնահատման և շինարարության ծավալման համար:
Ինչպես հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը, կամավորների ջանքերով, տարիների ընթացքում կառուցված տների քանակը վաղուց հատել է 100-ի սահմանը և շարունակում է սրընթաց աճել: Շինհրապարակի հերթական հասցեն եղել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը:
«Տեր-Սահակյանների մեծ ընտանիքը կիսակառույցում 10 ձմեռ է անցկացրել և ստիպված՝ տարբեր խնդիրներ հաղթահարել: Մհերն իր երիտասարդ ընտանիքով, տարիներ շարունակ՝ ապրել է հայրական տան նկուղային հարկում: Անտանելի պայմաններից ելք փնտրելու վճռականությունը նրան նոր մարտահրավեր է նետել. երիտասարդն սկսել է շինարարություն, սակայն 10 տարվա ջանքերն արդյունք չեն տվել: Կիսակառույցը դեռ տուն չի դարձել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Ստիպված էինք տեղափոխվել կիսակառույց տուն։ Այստեղ անցկացրած 10 տարիները եղել են անհարմարության և տարրական պայմանների բացակայության տարիներ։ Շինարարությունն ավարտելու բոլոր փորձերը ապարդյուն էին։ Մեզ աջակցող կազմակերպությունների նվիրումն ու կամավորությունը տեսնելով՝ հավատում եմ, որ մի օր էլ իմ ընտանիքը կունենա հարմարավետ ապրելու հնարավորություն»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մհերը։
Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Տեր-Սահակյաններին՝ կամավոր սկզբունքով աջակցելու և ընտանիքին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ Նրանք կատարել են տանիքի ջերմամեկուսացման աշխատանքներ։
«Շատ տներ ենք կառուցել և տարբեր ընտանիքների հետ ենք շփվել: Նրանք շատ տարբեր են, բայց որոշ հատկանիշներ միավորոմ են բոլորին. նրանք աշխատասեր են, լավատես և ունեն ուժեղ կամք: Այստեղ՝ շինհրապարակում, ձեռք-ձեռքի տված աշխատողներս էլ տարբեր ենք, բայց մեզ էլ միավորում է կամավոր աշխատելու ցանկությունը: Եվ այս ծրագիրն օգնում է, որպեսզի բոլորն իրենց լավ զգան. ապագա տանտերերն իրենց մենակ չեն զգում, դրական լիցքեր են ստանում հետագա կյանքի համար, իսկ աշխատողները, այդ թվում նաև ես, գրասենյակային աշխատանքը փոխարինում ենք ֆիզիկականով: Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ բոլորս միացել ենք կառուցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ծրագիրը, որն իրականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, նպատակ ունի մարդկանց մեջ հույս արթնացնել, որպեսզի չլքեն իրենց տունն ու երկիրը: Այն նաև սոցիալական կարևոր խնդիր է լուծում: Սեփական ձեռքերով տուն կառուցող ընտանիքն ավելի ամուր է կապվում այդ հողին։ Տեր-Սահակյանները շատ տարիներ զրկված են եղել սեփական տուն ունենալու բերկրանքից։ Փորձել են լուծումներ գտնել, սակայն հանդիպել են խոչընդոտների։ Ուրախ եմ ասել, որ մինչև տարեվերջ ընտանիքը կավարտի իրենց տան շինարարությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Գործակցող կողմերը ձգտում են արձանագրված խնդիրները լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-