USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Եվս 9 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Վայոց Ձորում և Արարատում

04.07.2016, 18:38
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և Ucom աջակցության շնորհիվ՝ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների բացման շքերթը հասավ նաև Արարատ և Վայոց Ձոր:
Եվս 9 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Վայոց Ձորում և Արարատում

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և Ucom աջակցության շնորհիվ՝ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների բացման շքերթը հասավ նաև Արարատ և Վայոց Ձոր, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը։

«Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ են արդեն գործում Երասխի, Ելփինի, Արենիի, Գետափի, Շատինի միջնակարգ դպրոցներում, Վայքի ավագ դպրոցում, Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Եղեգնաձորի թիվ 1 ու թիվ 2 հիմնական դպրոցներում:

ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում «Արմաթի» աշակերտները նորաստեղծ ընկերություններ կհիմնեն ու կաջակցեն իրենց ընտանիքի և համայնքի զարգացմանը:

«Ամենակարևոր գործոնը, որն ուզում եմ ընդգծել՝ մեր լաբորատորիաների աշխարհագրության ընդլայնումն է: Եթե յուրաքանչյուր գյուղի, իսկ մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչ գիտակցի, որ իր ապագան հենց իր ձեռքերում է, մեր հնարավորություններն այսօրվա կիզիչ արևի չափ հզոր են լինելու, իսկ ապագան՝ բաց ու լուսավոր», - ասել է Ucom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:

ԻՏՁՄ–ն հիմնադրվել է 2000 թ.–ին` այդ ոլորտի ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի ուսումնասիրությունները խրախուսելու նպատակով։ –0–