«Արմաթ» լաբորատորիաները Beeline-ից WiFi սարքավորումներ կստանան
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներին կտրամադրի ավելի քան 1000 հատ WiFi սարքավորում:
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, այս սարքերի շնորհիվ դպրոցականները կկարողանան տարբեր ինժեներական խնդիրներ լուծել և ազատ ստեղծագործել:
«Արմաթ» կրթական ծրագրի իրականացնող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Beeline-ի կողմից այս նվիրատվությունն էականորեն կաջակցի «Արմաթ»-ի սաների ուսուցման գործընթացին: Երեխաներն այս սարքերը վերաձևափոխելով կամ մասերն առանձին օգտագործելով՝ էլեկտրոնիկայի տարբեր խնդիրներ կլուծեն, կվերափոխեն ռոբոտները և այլն:
«Ժամանակակից տեխնոլոգիաները, կրթությունը և երիտասարդներին աջակցությունը հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական գործունեության երեք հիմնական ուղղությունները: Ես շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը ներառում է վերոնշյալ ուղղությունները և վստահ եմ, որ մեր կողմից տրամադրված սարքավորումները կօգնեն «Արմաթ» լաբորատորիաների սաներին զարգացնել պրոֆեսիոնալ հմտությունները և փոխել իրենց կյանքը դեպի էլ ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով և անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռևս չկան լաբորատորիաներ, կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձևավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից և ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:
ՀՀ հանրակրթական համակարգում ռոբոտաշինության խմբակների ներդրման ծրագիրը ԻՏՁՄ-ն իրականացնում է 2008 թ-ից: 2014թ-ից լաբորատորիաները վերազինվել են բարձրակարգ եռաչափ տպիչներով, իսկ 2016-ից այս ինժեներական խմբակ լաբորատորիաներն անվանվել են «Արմաթ»: Դոնոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 200-ի, որտեղ սովորում են ավելի քան 4500 դպրոցականներ:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ ԼԹԴ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-