Ռոստելեկոմը «Азбука Интернета» ձեռնարկի դասընթացներ է կազմակերպել ուսանող-կամավորների համար

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմը «Азбука Интернета» ձեռնարկի դասընթացներ է կազմակերպել ուսանող-կամավորների համար, ովքեր ձեռնարկի միջոցով համակարգչային գրագիտություն են դասավանդելու ավագ սերնդի քաղաքացիներին, հաղորդում է «Ռոստելեկոմ» ընկերության մամուլի ծառայությունը։
«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակում «Азбука Интернета» ձեռնարկի միջոցով ուսուցում կազմակերպելու համար երկու բուհերում՝ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դեկտեմբերի 1–ին ավարտվեցին ուսանող-կամավորների դասընթացները, որոնք անց էին կացնում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած փորձագետներ։
Ուսանողներին ներկայացվեցին բոլոր այն նրբություններն ու առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել միջին և տարեց բնակչության ուսուցման ժամանակ, մանրամասն ներկայացվեցին նրանց հետ աշխատանքի զգուշավոր մոտեցումներն ու հաճախակի կրկնության անհրաժեշտությունը։
Բուհերից ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցեցին շուրջ 46 ուսանողներ, ովքեր պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ սոցիալական այս կարևոր ծրագրին։ Միաժամանակ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում ռուս մասնագետների կողմից մեկնարկեցին նաև դասընթացները տարեց «ուսանողների» համար, ովքեր երկուշաբթի օրվանից 12 աշխատանքային օր շարունակ երկուական ժամ կտրամադրեն նոր՝ համակարգչային գիտելիքների և հմտությունների ուսումնասիրմանը։
«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով տեղեկատվություն է մատուցում նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։
Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։
Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։«Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։
Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–