ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բնակարանաշինության համատեղ ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 192 մարդու

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 105մլն. դրամի ներդրում է կատարել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ծրագրի շրջանակում Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» հետ գործակցության արդյունքում աջակցություն է ցուցաբերվել 192 մարդու:
Բնակարանաշինության համատեղ ծրագիրը օգնում է Հայաստանի տասը մարզում բնակվող, տան կարիք ունեցող ընտանիքներին:
Ընկերության հաղորդագրության համաձայն, համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները, կամավորականության սկզբունքով, շինարարական աշխատանքների են մասնակցել:
Այս անգամ նրանք Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում պատերի ծեփամածկման աշխատանքներ են կատարել Ստեփանյանների կիսակառույց տանը: Ստեփանյանների ընտանիքը, որը 17 տարի բնակվել է մետաղական տնակում՝ դոմիկում, բնակարանաշինության ծրագրում այս տարի ընդգրկված՝ Գեղարքունիքի մարզի 3 ընտանիքներից մեկն է:
«Ամենակարևոր արժեքը մարդն է: Մեր բոլոր ծրագրերի գնահատման միավորը մեր համաքաղաքացիների գոհունակությունն է: Եթե այդ ցուցիչը կա, ուրեմն ծրագիրն արդարացված է: Իսկ այդ գոհունակությունը ձևավորվում է բազմաշերտ գործոնների համադրությամբ: Բավական չէ որպես բիզնես հասարակությանը միայն առաջարկել ապրանք: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ, նորարարական լուծումներ, շուկայում պահպանում ենք առաջատարի մեր դիրքերը՝ զուգահեռաբար աջակցում ենք խնդիրները հաղթահարելու հարցում: Դա անհատի, հասարակության և երկրի նկատմամբ դրսևորվող պատասխանատու մոտեցում է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նրա խոսքով, տարիների իրենց երազանքին հասած բոլոր ընտանիքները ձեռք են բերել ոչ միայն նյութական արժեք՝ բնակարան, այլև ապագան հավատով ապրելու վստահություն, միմյանց խնդիրներին արձագանքելու, դրանք լուծելու պատրաստակամություն և այլն:
«Հաճելի է արձանագրել, որ մեր կազմակերպության տարիների ռազմավարությունն այսօր սկսում է որպես արժեհամակարգ ձևավորվել նաև այլ ընկերություններում և միջավայրում», - նշել է Յիրիկյանը:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն իր հերթին նշել է, որ անհնար է թվերի վերածել և ցույց տալ այն երջանկությունը, որն առիթ են ունենում տեսնելու այդ ընտանիքներում: «Բոլորի պատմությունները տարբեր են՝ տուն չունենալու հոգսը նույնն էՆոր կառուցված տները տարբեր են՝ երջանկությունը նույնն է: Վստահաբար կարող եմ ասել, որ միայն տներ չէ, որ նորոգում ենք, այլ՝ ճակատագրեր»,- ավելացրել է նա:
Հաղորդագրության համաձայն, կազմակերպությունների ղեկավարները այցելել են նաև նույն մարզի Զոլաքար համայնք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 19 ամյա Դավիթ Հայրապետյանի ընտանիքին, ում տունը վերանորոգվել է ծրագրի շրջանակում:
Հինգ տարվա ընթացքում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 333 մլն. դրամից ավելի ներդրում է կատարել, ինչի արդյունքում 134 ընտանիքի՝ 672 մարդու կյանք բարելավվել է: 2016թ.-ին 41 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը. 20 ընտանիք վերանորոգել բնակարանը, 21 ընտանիք՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-