ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ookla» ընկերության «Speedtest» հեղինակավոր հավելվածի հաշվարկներով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը Հայաստանում, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, լայնաշերտ և բջջային ինտերնետի թեստավորման և ցանցային ախտորոշիչ հավելվածների շուկայի առաջատար «Ookla» ընկերությունն իր «Speedtest.net» ինտերնետի արագության չափման հավելվածի և իր կողմից մշակված այլ հավելվածների միջոցով կուտակում է տվյալներ՝ հաշվարկելու աշխարհի տարբեր երկրներում գործող ամենաարագ ինտերնետ մատակարարող ընկերությունների և բջջային ցանցերը:
«Speedtest» բջջային հավելվածը հասանելի է iOS, Android և Windows Phone պլատֆորմների համար՝ ամեն օր իրականացնելով լայնաշերտ 3G և 4G միացումների ավելի քան մեկ միլիոն թեստավորում:
«Ookla»-ն հրապարակել է 2016թ. առաջին կիսամյակի տվյալները՝ յուրաքանչյուր երկրում հաղթող ընկերության կտրվածքով: Մուտք գործելով հետևյալ կայքը և սեղմելով Հայաստանը խորհրդանշող կոճակը՝ կարելի է տեղեկանալ, որ Հայաստանում առաջին տեղում գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը:
Մասնավորապես, այս հղմամբ տրամադրվող տեղեկություններում ասվում է. «Հայաստանում առաջինը գործարկելով LTE ցանցը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար և հետևողականորեն ավելացրել է իր ցանցի արագությունը քաղաքային բնակավայրերում: Ներբեռնման արագությունը կազմում է 11.46 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունը՝ 4.58 Մբիթ/վրկ»:
Ինչպես հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, հեռայաղոչդակցական ընկերությունը «Speedtest»-ից շնորհավորական նամակ է ստացել, որում ընկերությունը ճանաչվում է Հայաստանում բջային ամենաարագագործ ցանցի օպերատոր: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրումներ է կատարել ցանցի կատարելագործման նպատակով՝ իր բաժանորդներին ընձեռելով Հայաստանում ամենաարագ ցանցից օգտվելու հնարավորություն»,- նկատել է «Ookla» ընկերության «Speedtest» ծրագրի գործառնությունների EVP պատասխանատու Ջեյմի Ստիվենը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ պատիվ է «Ookla» ընկերության «Speedtest»-ի կողմից մրցանակ ստանալը: «Speedtest»-ի ամենախիստ չափորոշիչներով փորձարկումներով հաստատվել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունների արագությունն ամենաբարձրն է՝ ներառյալ 3G և 4G ցանցերի միջոցով ապահովվող: Այդ ցանցերի թե՛ ծածկույթի և թե՛ բազային կայանների թվի առումով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բացարձակ առաջատար է: Այս մրցանակը սրա հստակ ապացույցն է», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Speedtest»-ն ինտերնետի պարամետրերի գնահատման ամենալայն տարածում գտած ու ամենահեղինակավոր համակարգն է: Հարյուր միլիոնավոր սպառողներ աշխարհով մեկ օգտվում են «Speedtest»-ի ընձեռած հնարավորություններից: Ամեն օր իրականացնելով ավելի քան 8 միլիոն փորձարկում՝ «Speedtest»-ին հասանելի է դառնում աշխարհում ինտերնետի որակի համապարփակ պատկերը: Տվյալները ստացվում են վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր տարբեր սարքերից (մեկ սարք՝ մեկ փորձարկում սկզբունքով) արված փորձարկումներից ստացված տվյալների միջինացման արդյունքում՝ աշխարհագրական տվյալ տարածքի համար:
Այս մոտեցումը զգալիորեն մեծացնում է ստացվող արդյունքների ճշգրտությունը և նվազեցնում փորձարկումների կրկնության և արդյունքները փոխարինելու հետևանքով կողմնակալ տվյալների ստացման հավանականությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում հեռահաղորդակցության առաջին օպերատորն է, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ին առաջին անգամ գործարկել է 4G/LTE ցանց: Այսօր ընկերության ցանցի ծածկույթն ընդգրկում է երկրում բնակեցված տարածքի 46,6%-ից ավելին (ավելի քան 255 բազային կայանի միջոցով):
«Ookla» ընկերության «Speedtest» արագության չափման ծրագիրը սահմանում է լայնաշերտ կապի որակի վերահսկման այնպիսի չափանիշեր, ինչպիսիք են ճշգրտությունը, ժողովրդականությունը, դյուրին օգտագործումը և համապատասխան վիճակագրությունը: Ընկերության լուծումները կիրառման են ընդունվել ինտերնետային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր ընկերությունների կողմից և օգտագործվում են հազարավոր փոքր ձեռնարկություններում, կառավարական կառույցներում, բուհերում և այնպիսի խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են «AT&T»-ն, «BBC»-ն, «Cisco»-ն, «Comcast»-ը, «FCC»-ն, «Reuters»-ը, «Time Warner»-ը, «Verizon»-ը, «Vodafone»-ը և «Vonage»-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-