USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» տարիների գործակցությունը շարունակվում է

02.06.2017, 16:07
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ կամ կազմակերպչական աշխատանքներով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» տարիների գործակցությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ կամ կազմակերպչական աշխատանքներով:

Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կամավորական աշխատանքը, որի հիմքում անտարբերությունը մերժելու՝ հասարակությանն ուղղված ուղերձն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այս տարվա շինարարական աշխատանքների մեկնարկը հայտարարել են Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Գևորգյանների կիսակառույցը տասնամյակներ շարունակ նույն տեսքն է ունեցել:

Գործընկեր կազմակերպությունների աջակցության արդյունքում, մինչև տարեվերջ տեսարանը կփոխվի:

«Երկար տարիներ ապրել ենք ամուսնուս հայրական տանը՝ Ուջան գյուղում, նրա ծնողների և եղբոր ընտանիքի հետ: Տարիներ շարունակ երազել ենք սեփական տուն ունենալու մասին: Այս կիսակառույց շինությունը տասնամյակներ առաջ սկեսրայրս էր ձեռք բերել, հույսով, որ կկարողանանք շինարարությունն ավարտին հասցնել, և մեր ընտանիքը կտեղափոխվի այստեղ: Տարիներն անցան, սակայն այդպես էլ չկարողացանք այն պիտանի դարձնել բնակվելու համար: Անցած աշուն ստիպված եղանք տեղափոխվել վագոն-տնակ, քանի որ նեղվածք էր ու այլևս հնարավոր չէր այդպես ապրել: Չեմ կարողանում հավատալ, որ շուտով մեր տունը կունենանք: Շնորհակալ եմ»,-ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:

Մինչև տարեվերջ, Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի»՝ տարիների գործակցությունը հաջողված է. ընդհանուր առմամբ, ծրագրից օգտվել է գյուղական 57 համայնք, որից 16-ը՝ սահմանամերձ:

Բնակարանի խնդիր է լուծվել 146 ընտանիքի համար:

«Համայնքների զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Շարունակում ենք իրականացնել ծրագրեր, որոնք պահանջում են պատասխանատվություն, նվիրում և տարիների հետևողական աշխատանք: Դրանցից մեկն էլ բնակարանաշինությունն է: Այսպիսի մոտեցումը կարևոր է մայրաքաղաքի և մարզերի միջև համաչափ զարգացում ապահովելու, աղքատությունը նվազեցնելու և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու համար: Այստեղ իրականացվող շինարարությունը միայն ֆիզիկական աշխատանք չէ. սա նաև հոգեբանական մեծ աջակցություն է, որն ավելի կարևոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս համագործակցությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորում է, որով առաջնորդվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը: Սա Հայաստանում աղքատությունը վերացնելու լավագույն ճանապարհն է, որը օրինակ կարող է լինել այլոց համար»,- ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-