USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ապահովել է արևային ջրատաքացուցչի տեղադրումը Հայաստանի մանկապարտեզներից մեկում

02.03.2018, 17:20
«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփվել են հերթական ծրագրի արդյունքները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ապահովել է արևային ջրատաքացուցչի տեղադրումը Հայաստանի մանկապարտեզներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ակտիվ գործակցությամբ շարունակում են բնապահպանական այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս արձանագրել նաև տնտեսական արդյունավետ ցուցանիշ, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:

«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփվել են հերթական ծրագրի արդյունքները: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի՝ «Հեքիաթ» թիվ 2 մանկապարտեզում, տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։ Դա թույլ կտա մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել առավել հանգիստ և ապահովել սաների պարտաճանաչ հաճախելիության՝ անկախ եղանակային պայմաններից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը և քաղաքի բնակիչները։

«Ջեռուցման այն մեթոդները, որոնք կիրառվել են այս մանկապարտեզում մինչև այլընտրանքային էներգիայով առաջարկվող լուծումը, մեղմ ասած, հնացած են, ոչ արդյունավետ, վտանգավոր և անընդունելի: Հարյուր սան դաստիարակող կոլեկտիվի համար անչափ բարդ է երեխաների անվտանգությունն ապահովել տաք վառարանների մոտ: Ուրախ եմ, որ հաջողված գործընկերության և ճիշտ ընտրված ծրագրի արդյունքում, իրավիճակը փոխվել է: Ուզում եմ հավատալ, որ նոր հնարավորությունները ոչ միայն կթեթևացնեն դաստիարակների հոգսը, այլև կնպաստեն առավել արդյունավետ աշխատանքին և ծնողների հանգստությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանկապարեզում ջեռուցումը նախկինում իրականացվել է գազի և փայտի վառարաններով: Դա եղել է խնդրի ծախսատար և մասնակի լուծում. շենքն ամբողջությամբ չի ջեռուցվել: Նոր համակարգի գործարկման արդյունքում իրավիճակը լիովին փոխվել է: Այժմ մանկապարտեզի ամբողջ տարածքը տաքացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով՝ 40%-ով կրճատելով ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզն ունի մոտ 100 սան։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am: