USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

Կոտայքի մարզի Գեղաշեն և Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք

23.03.2017, 11:32
Գեղաշեն և Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք:
Կոտայքի մարզի Գեղաշեն և Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը հինգ տարվա ընթացքում կարևոր խնդիր է լուծել՝ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը և նպաստել երկրում աղքատության ցուցանիշի կրճատմանը:

Այդ առումով, ծրագիրը ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի զարգացման համար:

Գործակցող կողմերի ղեկավարների հերթական շրջայցը եղել է Կոտայքի մարզում: 

Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը, Գեղաշեն և Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք:

Այստեղ, կողմերի աջակցությամբ ավարտին է հասցվել մեկ կիսակառույցի շինարարություն, իսկ երկու տուն վերանորոգվել է: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել 6 ընտանիք:

Ծրագրի դրական ազդեցությունն արձանագրված ցուցանիշն է. հինգ տարվա ընթացքում բարեկեցիկ բնակարանային պայմաններով է ապահովվել 135 ընտանիք՝ 677 մարդ: Այդ նպատակի իրագործման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 333 մլն. դրամի ներդրում է կատարել:

Ծրագրի առավել կարևոր՝ բարոյահոգեբանական կողմը, երկրի վաղվա օրվա նկատմամբ հավատի հաստատումն է: Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը սեփական երկրում բարեկեցիկ կենսամակարդակ ապահովելու անկարողությունն է: Երբ հաղթահարվում է հոգեբանական խնդիրը՝ ընտանիքը նախապատվություն է տալիս հայրենի հողի վրա ապրելուն:

Ծրագրի գնահատումը ցույց է տվել, որ բնակարանաշինության ծրագրով աջակցություն ստացած ընտանիքներից ոչ մեկը չի արտագաղթել Հայաստանից:

Բարեկեցիկ բնակարանային պայմանները նպաստում են նրան, որ խոցելի ընտանիքները փոխեն իրենց կենսակերպը, ապահովեն իրենց երեխաների զարգացումը առավել նպաստավոր միջավայրում:

«Ավելի քան 15 տարի երազել ենք մեր տունն ունենալ: Այսօր կրկնակի երջանկություն է այս տան մեջ հյուրընկալել այն մարդկանց, ովքեր մեր երջանկությունն իրականություն դարձրին››,- ասել է Վարդանյան ընտանիքի մայրը՝ Քրիստինեն:

«Փորձենք միասին գնահատել այս ծրագիրը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված: Ուրախ ենք յուրաքանչյուրի ապրած երջանկությամբ: Հպարտ ենք, որ պատասխանատու մոտեցման մեր ռազմավարությունը արդյունք է տալիս՝ ոգևորելով հասարակությանը, մեր աշխատակիցներին և երկրում գործող այլ կազմակերպությունների: Ավելի քան 11 տարի առաջնորդվել ենք այս սկզբունքով և ձգտում ենք շարունակել նույն ոգով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքի պահպանման, աղքատության և արտագաղթի նվազեցման ռազմավարական կարևորությունից զատ, այս համագործակցությունը գնահատելի ազդեցություն ունի նաև համայնքների զարգացման գործում: Հնգամյա համագործակցության ողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի սահմանափակվել միայն ֆինանսական ներդրում կատարելով, այլև, կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, պարբերաբար մասնակցել է ընտանիքների համար կառուցվող տների շինարարական աշխատանքներին››,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-