USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում մեկնարկել է թոշակառուների համար նախատեսված «Ւնտերնետի այբուբեն» դասընթացների երկրորդ փուլը

11.03.2016, 18:25
«Ինտերնետի այբուբեն» նախագծի շրջանակում ուրբաթ Պլեխանովի անվան ռուսական տնտեսական համալսարանի երևանյան մասնաճյուղում մեկնարկել են Ավագ սերնդի համար համակարգչային գրագիտության բաց դասընթացները։
Հայաստանում մեկնարկել է թոշակառուների համար նախատեսված «Ւնտերնետի այբուբեն» դասընթացների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. «Ինտերնետի այբուբեն» նախագծի շրջանակում ուրբաթ Պլեխանովի անվան ռուսական տնտեսական համալսարանի երևանյան մասնաճյուղում մեկնարկել են Ավագ սերնդի համար համակարգչային գրագիտության բաց դասընթացները։

Ծրագրի երկրորդ փուլին մասնակցում է 55–80 տարեկան 12 թոշակառու։

Նախագիծն իրականացվում է ռուսալեզու բնակչության շրջանում` Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Առաջիկայում դասընթացներ կկազմակերպվեն նաև հայալեզու քաղաքացիների համար։ Նախագիծը կիրականացվի Երևանում և հանրապետության մի քանի խոշոր քաղաքներում։ 

Հայաստանում ԳՄՌԿ ընկերության կրթական ծառայությունների մարկետինգի բաժնի պետ Պյոտոր Երյոմենկոն թոշակառուներին ծանոթացրեց նոր լսարանին` մաղթելով հաջողություն ուսման մեջ։ 

«Սա ժամանակակից լսարան է, որը թույլ կտա մոտիկից ծանոթանալ էլեկտրոնային տեխնիկային։ Այս հարցում Ձեզ կօգնեն կամավորները։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել կոլեկտիվին, կամավորներին, ինչպես նաև «Ռոստելեկոմին» բարի գործի և այս միջոցառման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար», – նշեց Երյոմենկոն։

Նա դասընթացների երկրորդ փուլի մասնակիցներին նվիրեց «Ինտերնետի այբուբեն» ձեռնարկը։

«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով տեղեկատվություն է մատուցում նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։

Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։

Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։

«Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։

Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–