Հայաստանի բջջային օպերատորները կգործարկեն նախկին սակագները դեպի Ղարաբաղ ռոմինգի համար
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline), VivaCell-MTS և Ucom բջջային օպերատորներն ուրբաթ հաղորդագրություն են տարածել ապրիլի 18–ից դեպի Ղարաբաղ ռոմինգի նույն սակագներին վերադառնալու մասին։
Հայաստանի բջջային կապի բոլոր երեք օպերատորներն ավելի վաղ հայտարարել էին, որ նվազեցնում են դեպի Արցախ ռոմինգի սակագինը։ Ապրիլի 2–ից բոլոր երեք օպերատորների բջջային կապի բաժանորդների համար գործում էր միասնական սակագին` 5 դրամ/րոպե բոլոր մուտքային և ելքային զանգերի (+374) 97) և SMS–հաղորդագրության մեջ։
Ապրիլի 18-ից Արցախում՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար դադարում են գործել հետևյալ սակագները` 5 դրամ/SMS և 5 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար: Նշված ամսաթվից Արցախում կգործեն ռոումինգի հետևյալ բազային սակագները՝ 60 դրամ/SMS և 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար:
VivaCell-MTS–ը ևս տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: 374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ:
Ucom ընկերությունը ևս հայտնում է, որ ապրիլի 18-ի ժամը 00:00-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաև SMS հաղորդագրությունների համար կգործի նախկին 45 դրամ րոպե սակագինը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–