USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ վարչապետ. Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ

13.03.2017, 14:12
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ այցելել է Սյունիքի մարզում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:
ՀՀ վարչապետ. Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ

ԵՐԵՎԱՆ, 13 Մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` շաբաթ Սյունիքի մարզում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կատարած աշխատանքային այցի ժամանակ: 

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Կարապետյանը կարևորել է երկրում տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը:

Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում անվճար տեխնոլոգիական կրթություն կստանան ինչպես այս համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Վարչապետին ներկայացվել է, որ եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:

Արտաժամյա դասընթացներից բացի, լաբորատորիայի սաները կմասնակցեն նաև մի շարք խրախուսական միջոցառումների, որտեղ կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները, կընդգրկվեն ավելի լայն և ստեղծագործական միջավայրում, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների աշխատանքներին:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային համաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի ու Արցախի շուրջ 200 դպրոցում: «Արմաթ»-ում այժմ սովորում է ավելի քան 5 հազար դպրոցական: -0-