USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն››-ը տոնում է իր տասնամյակը

18.06.2018, 11:58
‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն›› բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեության՝ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը:
‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն››-ը տոնում է իր տասնամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն›› բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեության՝ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախում, կազմակերպությունն, այս տարիների ընթացքում, աջակցել է ավելի քան 650 ընտանիքների:

Կազմակերպության տասնամյակի միջոցառման հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 15-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում, որը միջոցառման գլխավոր հովանավորն է:

Միջոցառմանը ներկա են եղել միջազգային Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Արմենա Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, այլ պատվավոր հյուրեր, բազմաթիվ գործընկերներ և միջազգային ու տեղական կամավորներ, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնը›› տեղական գործընկերների միջազգային կոալիցիա է, բնակարանային աղքատության վերացման տեսլականով: Ոչ մի տեղ, սակայն, այս տեսլականը ավելի մեծ հաջողություն չի ունեցել, քան Հայաստանում: Նշելով «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի 10-ամյակը, ուրախ ենք տեղեկացնել, որ առաջատար թիմի ղեկավարությամբ եւ հայկական սփյուռքի և տեղական հովանավորների, առատաձեռն ընկերների աջակցությամբ՝ 650-ից ավելի հայ ընտանիքներ այժմ բարեկարգ տուն ունեն: «Այլևս ոչ մի դոմիկ»՝ երազանք, որը միասին կարող ենք դարձնել իրականություն,-ասել է Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը:

Տասնամյակի միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հավասագրերի հանձնման արարողություն:

«Անչափ շնորհակալ եմ այս հավաստագրի համար: Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա գործընկեր կազմակերպության և տևական ժամանակ իրենց երազանքի իրականացմանը ձգտող ու դրան հասած՝ ընտանիքների գնահատական է: Երբ տարիներ առաջ Հայաստանում սկսեցինք մեր գործունեությունը և ընտրեցինք կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու ճանապարհը, տարբեր կազմակերպությունների և հասարակությանն ուղերձ հղեցինք: Դա հնչում էր կարգախոսի պես. «Մի՛ եղիր անտարբեր»: Ուրախ եմ արձանագրել, որ մեր գործընկերը՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» առաջնորդվել է նույն արժեհամակարգով: Հպարտ եմ ձեզ հետ համագործակցության համար», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

‹‹Մենք շատ ուրախության արցունքներ ենք տեսել, բայց դա չի դարձել սովորություն մեզ համար: Մեր աջակցությունը, իրականում, լոկ խթան է հանդիսանում, որ ընտանիքը հավատա սեփական ուժերին, դառնա լավատես ու հավատով լցվի ապագայի հանդեպ: Շնորհակալ ենք բոլոր համագործակիցներին այս տարիների ընթացքում մեր առաքելության մասը լինելու և մեր հաջողությունները կիսելու համար››, - ասել է ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն››-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տասը տարիների ընթացքում ավելի քան 3500 մարդու կյանք փոխվել է դեպի լավը՝ անդառնալիորեն դուրս բերելով նրանց աղքատության կապանքներից:

Բնակարանաշինության ծրագրին զուգահեռ, կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացրել` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով գյուղական զբաղվածությունը խթանելու նպատակով. ծրագիրն իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղի զարգացման արդի նախաձեռնության ծրագրի շրջանակներում:  

Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 650-ից ավելի ընտանիքների:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:–0–