USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Այբի» ռոբոտիկայի թիմը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում անցկացված հեղինակավոր մրցույթին

13.04.2017, 12:42
Օրերս «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) հեղինակավոր մրցույթին զբաղեցրել է երրորդ տեղը։
«Այբի» ռոբոտիկայի թիմը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում անցկացված հեղինակավոր մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Օրերս «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) հեղինակավոր մրցույթին զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս մրցույթից խմբակը հաղթանակած է վերադառնում արդեն երկրորդ տարին անընդմեջ:

Նախորդ տարվա ՌԱՄ 2016-ին թիմը արժանացել էր գլխավոր՝ Հոնդայի ինովացիոն մրցանակին և արծաթե մեդալի «սումո ռոբոտ» անվանակարգում: Այս անգամ թիմը տուն է վերադարձել բրոնզե մեդալով  «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում: Ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ էր այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած տասնյակ ռոբոտների հետ: 

«Այբի» ռոբոտաշինության խմբի անդամ Արեգ Կարապետյանի խոսքով, իրենք ստեղծել էին ռոբոտ, որի առաջադրանքն էր ոչնչացնել հակառակորդին, և այն հեշտությամբ էր կատարում իր առաքելությունն ու վնասազերծում մյուսներին: 

«Բայց ցավոք, ուշ պարզեցինք, որ մրցավարները միավորները հաշվում էին հարվածների քանակով: Այդ է պատճառը, որ արծաթ կամ ոսկի չշահեցինք», - նշել է նա:

«Այբի» ռոբոտաշինության խմբի անդամներն են Սիմոն Զոհրաբյանը, Արեգ Քալանթարյանը, Արեգ Կարապետյանը, Ֆելիքս Ղանդիլյանը, Արմեն Բարսեղյանը, Արման Մնացականյանը, ուսուցիչը` Վազգեն Գաբրիելյանը:

Այս տարվա ՌԱՄ 2017-ին ներկայացված էին ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թ.-ից և հասցրել է տպավորիչ հաղթանակներ տանել մի շարք մրցույթներում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: 2012 թվականին «ArmRobotics» բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին նույն մրցույթում «Այբի» ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 

 «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը: -0-