Հայաստանից մոտ 10 հազար օգտատեր է գրանցված tsu.co նոր սոցցանցում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանից մոտ 10 հազար օգտատեր է արդեն գրանցված tsu.co նոր սոցիալական ցանցում, ուրբաթ լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ճիշտ է, սա մեծ թիվ չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ նոր սոցցանցում այդքան մարդ գրանցվել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ապա դա լուրջ ցուցանիշ է դառնում»,–ասաց Մարտիրոսյանը։
tsu.co–ն անվճար սոցիալական ցանց է, իր կառուցվածքով և դիմագծով այն նման է Twitter–ին։ Հրապարակումների տեղադրման ձևով նման է Facebook–ին կամ Вконтаке–ին։ Նոր սոցալական ցանցում ընկերներին հրավիրելով կարելի է գումար աշխատել, կամ փող ստանալ պարզապես էջում յուրաքանչյուր հրապարակման դիմաց։
Փորձագետի խոսքերով, հայ օգտատերերին այս սոցցանցն առաջին հերթին գրավել է գումար աշխատելու հնարավորությունը։
«Հաշվից կարելի է հանել միայն այն դեպքում, երբ կհավաքվի 100 դոլար։ Ես` անձամբ 6 օրում այդ կայքում աշխատել եմ ընդամենը 25 ցենտ»,–ավելացրեց նա։
Միաժամանակ, նա ընդգծեց, որ tsu.co սոցցանցի անվտանգությունը դեռևս բավարար մակարդակի վրա չէ։
«Սոցցանցը միացված չէ HTTPS համակարգին, ինչը նշանակում է, որ պրոֆեսիոնալ հակերները կարող են հեշտությամբ մուտք գործել ձեր էջ, իմանալ ձեր գաղտնաբառը, անձնական տվյալները»,–ընդգծեց նա։
Նա տեղեկացրեց, որ ներկայում tsu.co կայքում ակտիվ են միայն ԱՄՆ–ի, Միացյալ թագավորության, Հնդկաստանի և Հայաստանի օգտատերերը։
Խոսելով այլ սոցցանցերի մասին, Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում դեռևս ամենահանրաճանաչ սոցցանցը մնում է odnoklassniki.ru.–ն։
«Այսօր Հայաստանից յուրաքանչյուր օր մեկ մլն. օգտատեր է մուտք գործում odnoklassniki.ru, երկրորդ տեղում Facebook–ն է 800 հազար ակտիվ օգտատերով, որոնցից միայն 5 տոկոսն է «ֆեյք»,–ասաց նա; -0-