USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Զվարթնոց օդակայանում գործարկվել է Ucom-ի նոր վաճառքի և սպասարկման կենտրոնը

17.08.2017, 15:41
Կենտրոնը աշխատում է շուրջօրյա գրաֆիկով ,շաբաթվա բոլոր օրերին՝ իրականացնելով բոլոր գործառույթները և առաջարկելով բոլոր ծառայությունները։
Զվարթնոց օդակայանում գործարկվել է Ucom-ի նոր վաճառքի և սպասարկման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը գործարկել է նոր վաճառքի և սպասարկման կենտրոն Զվարթնոց օդակայանի ժամանման սրահում:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կենտրոնը շուրջօրյա գրաֆիկով աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ իրականացնելով բոլոր գործառույթները և առաջարկելով այն ծառայությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի ողջ տարածքում գործող վաճառքի 98 կետերում:

«Այս սպասարկման կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռի մեր բոլոր բաժանորդներին ու Հայաստան ժամանող հյուրերին շատ արագ իրականացնել այն գործարքները, որոնք թույլ են տալիս մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ: Այնպիսի պարզագույն գործողություններ, ինչպիսիք են՝ հաշվի վերալիցքավորումը, SIM-քարտի ձեռքբերումը կամ յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխանող լավագույն սակագնային պլանի ընտրությունը, այսուհետ հաշված րոպեների հարց է ոչ միայն սպասողների, այլև ժամանողների համար», - նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։ 

Նրա խոսքով` բազմաթիվ երկրներից ժամանող հյուրերի հիմնական հոսքի համար ընկերությունն ունի մատչելի առաջարկներ: Ներկայիս սակագնային պլանները հնարավորություն են ընձեռում անսահմանափակ զանգել ոչ միայն Ucom ցանցի ներսում, այլև Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց: Ավելին, որոշ սակագնային պլանների ներառումները կարելի է օգտագործել ոչ միայն նշյալ ուղղություններով, այլև ԱՄՆ, Կանադա և Արցախ զանգելու համար: 

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ողջ տարածքում գործում են 81 Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններ, 16 այլ վաճառակետեր և 1 շարժական վաճառքի և սպասարկման կենտրոն:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-