USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ucom–ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի ընկերությունը վերանվանվել է

15.05.2020, 19:18
Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից ապրիլի 20-ին ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է
Ucom–ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի ընկերությունը վերանվանվել է

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանի կողմից ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից ապրիլի 20-ին ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՍՊԸ և շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել «TEAM. Telecom Armenia» բրենդի ներքո», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։

«Մեր ընկերությունը վերանվանել ենք «ԹԻՄ» ՍՊԸ, որը շուտով կսկսի գործել «TEAM.Telecom Armenia» բրենդի ներքո։ Արդեն դիմել ենք ՀԾԿՀ և ՀՌՀ լիցենզիաներ ստանալու համար։ Ծառայությունների բարձր որակն ապահովելու են «ԹԻՄ»-ին միացած պրոֆեսիոնալները։ Ամենակարևորն ուժեղ թիմն է», – նշել է Եսայանը։

Ապրիլի 9–ին Եսայանն ու Ucom–ի ողջ ղեկավարությունը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության ավելի քան 800 աշխատակից ներկայացրեց աշխատանքից ազատման դիմում։ Ընկերության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առաջացել է բաժնետերերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով։

Ապրիլի 20–ին Եսայանը, ով իր եղբոր հետ տնօրինում է Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ը, հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ չընդունվեց հիմնական բաժնետերերի մասնաբաժինը (բաժնետոմսերի 94,01%) մոտ 34մլրդ դրամով գնելու առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնումը հաստատեց Հայկ Խաչատրյանին։

Դրանից հետո ստեղծվեց «Օլնեթ» ընկերությունը։ Նշվում էր, որ այն Հայաստանում տրամադրելու է նորարարական թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–