ԱՏՁՄ-ն ունի նոր գործադիր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության նիստը, որի օրակարգային հարցը միության նոր գործադիր տնօրենի ընտրությունն էր:
Ինչպես հայտնում է ԱՏՁՄ-ի մամուլի ծառայությունը, մրցակցային պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որոնց ընթացքում թեկնածուները ներկայացրին ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները, միության գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Րաֆֆի Քասսարջյանը:
«Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, կամրապնդի ու նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք այս տարիների ընթացքում իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները», - նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
«Մոտ երկու տասնամյակ ԱՏՁՄ֊ն, մեր շատ սիրելի Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, կարևորագույն դեր է ունեցել Հայաստանում տեխնոլոգիաների բնագավառի զարգացման գործում։ Տարիներ ի վեր լինելով ԱՏՁՄ համայնքի և խորհրդի անդամ՝ հաճույքով պատրաստ եմ ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը։ Ակնկալում եմ արգասաբեր աշխատանք մեր խմբի, վարչության, անդամների և կառավարական, կրթական, միջազգային կազմակերպությունների և մասնավոր համագործակիցների հետ՝ ստեղծելու զարգացման հաջորդ փուլի արդյունավետ միջավայր մեր ոլորտի, և իհարկե, Հայաստանի առաջխաղացման համար», - նշեց նորընտիր գործադիր տնօրենը։
Ր. Քասսարջյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է. ունի միջազգային հարաբերություններում բակալավրի և բիզնես ադմինիստրացիայի ոլորտում մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել է մի շարք ամերիկյան ու հայկական ընկերություններում՝ ձեռք բերելով ապրանքային կառավարման, ռազմավարական նախագծման ու գործադիր կառավարման փորձ։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «DASAR, INC» (Պալո Ալտո), «ARAGAST B Software» (Երևան), «ACCENTURE» (Սան Ֆրանցիսկո), «FAIR ISAAC CORPORATION» (Սան Ռաֆայել), «ICON COMMUNICATIONS» (Երևան), «CONVERSE BANK/CORPORACION AMERICA» (Երևան), «MONITIS INC/TEAMVIEWER ARMENIA» (Երևան) ընկերություններում՝ նպաստելով վերջիններիս առաջընթացին։ 2020 թվականի փետրվարին հիմնել է «SENSYAN LLC» խորհրդատվական ընկերությունը։
ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ.-ի հուլիսի 10-ից, այն բանից հետո, երբ մահացավ Կարեն Վարդանյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր Միության հիմնադրման օրից:
Կարեն Վարդանյանը զբաղեցնում էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնը 2007թ-ից: Նա ՏՏ ոլորտի առաջատար գործիչներից էր Հայաստանում: Ռազմավարական կառավարման և առաջնորդության նրա հմտությունների շնորհիվ UATE-ն երկար տարիների ընթացքում ցուցաբերում էր կայուն աճ և կյանքի կոչում նորարար նախագծեր Հայաստանում: -0-