USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է. Ավինյանը մեկնաբանել է Ucom-ի կողմից Beeline-ը գնելու տեղեկությունները

23.01.2020, 11:23
Ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է. ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է Ucom-ի կողմից Beeline-ը գնելու տեղեկությունները
Ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է. Ավինյանը մեկնաբանել է Ucom-ի կողմից Beeline-ը գնելու տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Պետությունն ունի ամբողջական գործիքակազմ՝ թույլ չտալու մոնոպոլ շուկաների գոյացում, անգամ գործիքակազմ, որով նույն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ունի ընկերություններ տրոհելու հնարավորություն հեռահաղորդակցական շուկայում: Այս մասին այսօր կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Հայաստանում Beeline–ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), որպեսզի համաձայնություն ստանա իր բաժնեմասը վաճառելու Ucom ընկերությանը։

Ավելի ուշ երկու ընկերություններն էլ հաստատել են հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայումս քննարկումներ վարելու փաստը: 

«Ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է: Հայտ է ներկայացվել ՀԾԿՀ Ucom ընկերության կողմից «ՎԵՈՆ» ընկերությունը գնելու վերաբերյալ:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր վերլուծությունը պետք է անի, որպեսզի հասկանա, թե ինչպես է դա ազդելու այդ ոլորտում ծառայությունների գնի վրա»,- նշել է Ավինյանը:

Նա ընդգծել է, որ այս փուլում «ՎԵՈՆ» ընկերության դիրքորոշումն այն է, որ բոլոր հաճախականությունները առկա են, միշտ պետք է հնարավորություն տրվի  3-րդ օպերատորի մուտքի համար շուկա:

«Ավելի խնդրահարույց կարող են լինել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսանկյունից այս միավորումը, որը արդեն իսկ դիտարկելու է ոչ թե երկու ընկերությունները, այլ կոնկրետ շուկաների վերլուծությունները իրակակացնելու՝ բջջային կապի, ֆիքսված կապի, հեռուստահաղորդակցության. այսինքն բոլոր առանձին շուկաների վերլուծությունը, և դրանց հնարավոր կենտրոնացումը կոնկրետ մեկ սուբյեկտի մոտ»,- նշել է Ավինյանը: 

Ավինյանի կարծիքով, այդ վերլուծությունների ավելի բովանդակային քննարկման ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն՝ իր դիրքորոշումը։ Օրենքով նախատեսված է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է իր կարծիքը նույնպես տա հարցի վերաբերյալ։

«Այս բոլոր կարծիքները համադրելով, կարծում եմ, մենք կունենանք վերջնական պատասխան՝ արդյոք այս միավորումը հնարավոր է: Այս միավորումը նույնիսկ եթե հնարավոր է, բավականին բարդ գործընթաց է լինելու: Եվ քանի դեռ չունենք վերլուծության արդյունքներ, դեռևս վաղ է խոսել», - նշել է փոխվարչապետը։

Փոխվարչապետը խոսքն ամբողջացնելով, նշել է, որ մոնոպոլ շուկաների գոյացում թույլ չտալու համար պետությունն ունի ամբողջական գործիքակազմ: 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-