VIVACELL-MTS ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ՝ «1000 ՈՒ 1 SMS»

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական բջջային օպերատորը գործարկել է նոր սակագնային պլան՝ «1000 ու 1 SMS», որը նախատեսված է հատուկ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար։
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից, այս սակագնային պլանն առավել լիարժեք շփման հնարավորություն է ընձեռում` թույլ տալով SMS-ների միջոցով լրացնել ձայնային շփման բացը:
«1000 ու 1 SMS սակագնային պլանի բաժանորդները կարող են ընդամենը 5 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչև 1001 ներցանցային SMS: Իսկ դեպի VivaCell-MTS -ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագինն է ընդամենը 20 դրամ/րոպե», - ասվում է տեղեկատվության մեջ։
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել VivaCell-MTS -ի որևէ սպասարկման կենտրոն և ներկայացնել 2-րդ կարգի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ:
«Հոգատարությունը հավատի ապացույցն է. ինքնարտահայտման հնարավորությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Մեր պատասխանատվությունը կարիքավորներին ձեռք մեկնելն է։ Միայն նման կերպ կարելի է հասարության մի մասը լինել։ VivaCell-MTS-ի նպատակը շփման հնարավորությունների սահմաններից դուրս գտնվող հույսի ներշնչումն է», - ասել է Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
VivaCell-MTS -ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում VivaCell-MTS -ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: VivaCell-MTS -ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:
VivaCell-MTS -ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ-ի խոշոր օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը՝ Fattouch Group-ին: 2009թ. փետրվարի վերջի տվյալներով, VivaCell-MTS -ի բաժանորդների թիվը կազմել է 2,05 միլիոն:-0-