VIVACELL-MTS ԲՋՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԲԻԶՆԵՍ ՊՐԵՍՏԻԺ» ՆՈՐ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՓԱԹԵԹ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային ընկերությունը «Բիզնես Պրեստիժ» նոր կորպորատիվ փաթեթ է ներկայացրել: Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, նոր փաթեթը հատուկ պրոֆեսիոնալ և ձեռնարկատիրական գործունեություն ծավալող բաժանորդների համար ստեղծված 5 սակագնային պլան է ենթադրում։
«Բիզնես պրեստիժ» փաթեթը հնարավորություն է ընձեռում գոյություն ունեցող հինգ սակագնային պլաններից ընտրել բաժանորդի պահանջներին առավել հարմար տարբերակը. hաղորդակցվել առանց ամսավճարի, ցանցի ներսում խոսել րոպեի համար ընդամենը 15 դրան սակագնով, ինչպես նաև անվճար ներցանցային րոպեներ ու SMS-հաղորդագրություններ ստանալ։
Սակագնային պլանին միանալու համար բաժանորդը պետք է պարզապես ընտրի բջջային հեռահաղորդակցության համար վճարվելիք ամսական գումարը` իր պարտավորությունը, և ստանա տվյալ գումարի դեպքում հնարավոր ամենացածր սակագներով խոսելու հնարավորություն: Որքան մեծ է ընտրված պարտավորության չափը, այնքան ավելի ցածր են զանգերի սակագները:
Մասնավորապես, ամսավճարի բացակայության դեպքում բաժանորդը հնարավորություն է ստանում խոսել մեկ րոպեն 30-45 դրամ սակագնով` կախված զանգի ուղղությունից դեպի բջջային, թե ամրակցված ցանց, 5000 դրամ վճարման դեպքում՝ մեկ րոպե խոսակցության սակագինը 25-45 դրամ կկազմի և 25 րոպե անվճար խոսելաժամանակ մեկ ամսվա ընթացքում, 10 հազար դրամի դեպքում սակագինը 23-45 դրամ կկազմի՝ 50 րոպե անվճար խոսելաժամանակով դարձյալ մեկ ամսում։
25 հազար դրամ ամսավճար կատարելու դեպքում մեկ րոպե խոսակցության սակագինը 20-45 դրամ կկազմի՝ 100 րոպե անվճար խոսելաժամանակով մեկ ամսում, իսկ 50 հազար դրամի դեպքում՝ 15-ից 45 դրամ խոսակցության մեկ րոպեի համար 200 րոպե անվճար խոսելաժամանակով մեկ ամսում։
«Բիզնես Պրեստիժ» փաթեթից օգտվելիս բաժանորդներդներն իրենք կարող են ընտրել, թե ինչ ձևով կսահմանափակվեն բջջային ծախսերը` որոշելով, թե որ դեպքում են կասեցվում ելքային ծառայությունները, մասնավորապես, երբ մինչև ամսվա վերջ օգտագործած ծառայությունների արժեքը հասնում է պարտավորության գումարին կամ երբ այն հասնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված ընթացիկ հաշվի սահմանաչափին:
Ամսվա ընթացքում ընտրած պարտավորության գումարից ավելին օգտագործելու դեպքում տվյալ ամսվա համար բաժանորդը վճարում է փաստացի օգտագործած ծառայությունների արժեքը: Հակառակ դեպքում վճարում է պարտավորության գումարը:
«Բիզնես Պրեստիժ» փաթեթի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ:
Մեկ իրավաբանական անձը կարող է ձեռք բերել մեկ կամ ավելի «Բիզնես Պրեստիժ» հեռախոսահամար (որոնք կարող են ունենալ տարբեր սակագնային պլաններ): Յուրաքանչյուր հեռախոսահամար գրանցվում է կոնկրետ ֆիզիկական անձի անունով, որն էլ իրականացնում է վճարումն իրեն ուղարկվող հաշիվ-ապրանքագրի հիման վրա:
«Բիզնես Պրեստիժ» փաթեթի շրջանակներում բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են անցնել մեկ սակագնային պլանից մյուսին: Պարտավորության գումարն ամսվա ընթացքում չսպառելու դեպքում, մնացորդը չի փոխանցվում հաջորդ ամիս:
Տվյալ ամսվա համար տրամադրված անվճար րոպեները կամ SMS-հաղորդագրությունները չօգտագործելու դեպքում, վերջիններս չեն փոխանցվում հաջորդ ամիս:-0-