USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի քաղաքապետարանը և Orange-ը ընդլայնում են մեկ տարի առաջ մեկնարկած նախագիծը

13.07.2012, 19:35
Երևանի քաղաքապետարանը և Orange-ը հայտարարեցին մեկ տարի առաջ մեկնարկած պիլոտային նախագծի ընդլայնման մասին, որի շրջանակներում Երևանի քաղաքային տրանսպորտի  նոր շարժակազմի բոլոր ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետից:
Երևանի քաղաքապետարանը և Orange-ը ընդլայնում են  մեկ տարի առաջ մեկնարկած նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Երևանի քաղաքապետարանը և Orange-ը հայտարարեցին մեկ տարի առաջ մեկնարկած պիլոտային նախագծի ընդլայնման մասին, որի շրջանակներում Երևանի քաղաքային տրանսպորտի  նոր շարժակազմի բոլոր ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետից:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն: Այս պահին շարժական WiFi սարքերով համալրված են 91 ավտոբուս, որոնց թիվը մինչև տարեվերջ կհասնի 255-ի:
    
«Սա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ է տալիս փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում WiFi ինտերնետը: Անցյալ տարի պիլոտային նախագիծը մեկնարկելիս մենք փորձում էինք հասկանալ, թե արդյոք այս ծառայությունների կարիքը զգում են Երևանի բնակիչները և նկատեցինք, որ բակականին մեծ թվով ուղևորներ օգտվում են Wi-Fi-ից  ավտոբուսում: Ուրախ ենք քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը շարունակել և ընդլայնել` արդեն առաջարկելով այս հնարավորությունը բոլոր նոր ավտոբուսների ուղևորներին»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Առաջին անգամ Երևանի քաղաքային տրանսպորտում WiFi տեղադրվել է մեկ տարի առաջ` Երևանի քաղաքապետարանի և Orange-ի պիլոտային նախագծի շրջանակներում, երբ Orange MyFi մոդեմներ տեղադրվեցին քաղաքային տրանսպորտի 5 երթուղիներ սպասարկող ավտոբուսներում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-