Ցուկերբերգը հերքել է վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ գողանալու մեղադրանքները
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի` հունվարի 17-ին ելույթ է ունեցել Դալաս նահանգի դաշնային դատարանում, որտեղ հերքել է մեղադրանքներն առ այն, որ իրեն պատկանող Oculus ընկերությունն ինտերնետ տարածությունից գողացել է վիրտուալ իրականության ստեղծման տվյալները:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Reuters-ին, վիդեոխաղերի մշակող ZeniMax Media-ն 2014 թ.-ին դատի է տվել Oculus սթարտափին, երբ Facebook-ն արդեն փորձում էր այն գնել: ZeniMax-ը մեղադրել է Oculus-ին իր ինտելեկտուալ սեփականության անօրինական ձեռք բերման մեջ: Դատական նիստի ժամանակ Ցուկերբերգը, ով այժմ ընկերության սեփականատերն է, հավաստիացրել է ատենակալներին, որ «Oculus-ի արտադրանքը հիմնված է Oculus տեխնոլոգիաների վրա»:
Ընկերության նկատմամբ հայցը մասնակիորեն վերաբերում է նաև Oculus-ի ծրագրավորող և տեխնոլոգիաների տնօրեն Ջոն Կարմեկին: Վերջինս երկար ժամանակ աշխատել է id Software ընկերությունում` մինչ այն ձեռք բերեց ZeniMax-ը: Այժմ ընկերությունը մեղադրում է ծրագրավորողին, որ նա գողացել է ZeniMax-ի համակարգչային կոդը` Oculus-ին նոր տեխնոլոգիաների մշակման մեջ օգնելու համար: Սակայն Ցուկերբերգը պաշտպանել է Կարմեկին` հայտարարելով, որ «մեր գործում ընդհանուր կոդ գոյություն չունի»:
Facebook-ը ձեռք է բերել Oculus-ը 2014 թ.-ի գարնանը` ինտերնետ տարածությունում եռաչափ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների իրավունքների հետ միասին: 2015 թ.-ի փետրվարին ընկերությունը նոր բաժին է բացել, որը զբաղվում է վիրտուալ հաղորդակցություններով:
Facebook-ն աշխարհի ամենաառաջատար սոցիալական ցանցերից մեկն է: Այն հիմնվել է 2004 թ.-ի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի և նրա երեք համակուրսեցիների կողմից` Հարվարդի համալսարանում սովորելու ժամանակ: Ներկայում Ցուկերբերգը Facebook ընկերության ղեկավարն է: Սոցիալական ցանցի ամենամսյա լսարանը գերազանցում է 1,71 մլրդը ողջ աշխարհում: -0-