Skype-ի դեմ քրեական հետապնդումը` կապված հայաստանցի երկու անձանց գործի հետ, սկսվել է Բելգիայում. լրատվամիջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Բելգիական Մեխելեն քաղաքի դատախազությունը սկսել է քրեական հետապնդում` Skype ինտերնետային–հեռախոսակապի ծառայության նկատմամբ հնարավոր քրեական գործ հարուցելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Le Soir թերթին։
Թերթի տվյալներով` որոշումը կայացվել է իրավապաշտպան մարմնի կողմից այն պատճառով, որ Skype–ը հրաժարվել է բելգիական քննիչներին հասանելիություն տրամադրել հանցավոր գործողություններ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց բանակցություններին։ Քննությունը պնդում է, որ 2012 թ. երկու հայաստանցիներ ակտիվորեն օգտվել են ինտերնետային հեռախոսակապի ծառայություններից` համաձայնեցնելով մաքսանենգ արտադրանքի և գողացված գույքի մատակարարման հետ կապված իրենց հանցավոր մտադրությունները։
Այն ժամանակ Skype–ում, համաձայն հրատարակության տեղեկատվության, հրաժարվել էին դատախազության աշխատակիցներին հասանելիություն տրամադրել կասկածյալների խոսակցության ձայնագրություններին` հիմնավորելով, որ կազմակերպությունը Բելգիայի հեռախոսային օպերատոր չէ և այդ իսկ պատճառով բելգիական օրենսդրության գործողությունների տակ չի ընկնում։
Սակայն Մեխելենի դատախազության կարծիքով` տվյալ պարագայում Skype–ը խախտել է հեռահաղորդակցության մասին բելգիական օրենքը։ -0-