Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կայքը տեղեկատվության թափանցիկության առումով առաջատարն է
17.05.2012,
16:48
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կայքը տեղադրված տեղեկատվության թափանցիկության առումով գերատեսչությունների և կառավարությանն առընթեր գործող կառույցների առաջատարն է, հինգշաբթի ասուլիսում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի հաշվետվությունը:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կայքը տեղադրված տեղեկատվության թափանցիկության առումով գերատեսչությունների և կառավարությանն առընթեր գործող կառույցների առաջատարն է, հինգշաբթի ասուլիսում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի հաշվետվությունը:
Փետրվարի 15-ից մարտի 15-ն անցկացված դիտրակման ընթացքում ուսումնասիրվել է պետական կառույցների 52 կայք: Դիտարկումն իրականացվել է 4 չափանիշով՝ կայքում տեղեկատվության առկայությունը, դրա լիարժեքությունը, օպերատիվությունը և տեխնիկական առումով հասանելիությունը:
Նրա խոսքերով՝ տեղեկատվության թափանցիկության առումով կայքերի առաջին հնգյակում հայտնվել են նաև տրանսպորտի և կապի, տնտեսական մրցակության պաշտպանության պետական կոմիտեի, կրթության և գիտության նախարարության, Կենտրոնական բանկի կայքերը:
Մելիքյանը նշեց, որ վարկանիշի վերջնագծում արտակարգ իրավիճակների նախարարության և հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքերն են:
«Հայաստանի նախագահի կայքը հավաքել է ընդամենը 28,91%, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Իսկ գլխավոր դատախազության կայքի ցուցանիշը կազմում է 55.58%», - հայտնեց նա:
Կոմիտեի նախագահը նշեց, որ կայքերի մեծ մասի հիմնական թերությունը տվյալ մարմնում թափուր աշխատատեղերի առկայության, բյուջետային միջոցների ծախսերի, դրանցում ստուգումների արդյունքների մասին տեղեկատվության բացակայությունն է:--0--