Google–ը ռուս օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի պատվին լոգոտիպ է տեղադրել
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ ընկերությունը տոնական լոգոտիպով է տոնել հայտնի ռուս օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի 140–ամյա հոբելյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Google որոնողական համակարգի ավանդական լոգոտիպը գլխավոր էջում չորեքշաբթի փոխարինվել է հայտնի թատրոնների շենքերի ֆոնին (որտեղ ելույթ է ունեցել Շալյապինը) երգչի պատկերով, որոնց շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի Մեծ Թատրոնը։
Ֆեոդոր Շալյապինն ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը: Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում: 1890 թվականին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու Ուֆայի օպերային թատրոն, որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով: 1892–1893 թվականներին Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893–1894 թվականներին օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդաե), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստե), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչե) դերերգերը: 1895 թվականին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–1899 թվականներին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը: 1899 թվականից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ:
Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ: 1901 թվականից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտենե, Միլանի «Լա Սկալաե և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման: 1922 թվականից ապրել է Փարիզում:
Google ընկերությունը տարբերանշաններ է տեղադրում իր որոնողական համակարգի գլխավոր էջում` նշելով տարբեր տոնական ամսաթվեր, օրինակ` ազգային տոներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր և այլն։ --0—