Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հետևում են ինտերնետին Մերձավոր Արևելքում
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները Մերձավոր Արևելքում կառավարում են գաղտնի բազա, որի խնդիրների մեջ է մտնում հեռախոսազանգերի և ցանցային տրաֆիկի գաղտնալսումը, ուրբաթ գրում է Independent թերթը` հղում անելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին։
Բազայի սարքավորումը, որի ճշգրիտ տեղակայման վայրը չի նշվում, թույլ է տալիս տեղեկություն ստանալ անմիջապես տարածաշրջանի ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխներից, նշում է պարբերականը։ Հավաքած նյութեը վերլուծության են փոխանցվում Կառավարության կապի բրիտանական կոմիտե (GCHQ), հաղորդում է Digit.ru–ն։
Տվյալ հաղորդումը վկայում է Սնոուդենի բացահայտումները հրապարակող բրիտանական ԶԼՄ–ների շրջանակի ընդլայնման մասին։ Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի տեղեկությունները որպես բացառիկ նյութեր հայտնվում էին Guardian թերթում։
Guardian–ի խմբագիր Ալան Ռասբրիջերն ավելի վաղ հայտարարել էր, որ թերթն իբր ստիպված է եղել բրիտանական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ոչնչացնել մի քանի կոշտ սկավառակներ, որոնց վրա պահվում էին Սնոուդենից ստացված տվյալները։ Նրա խոսքով` պարբերականի լոնդոնյան գրասենյակում տեղեկությունների կրիչների ոչնչացումը վերահսկում էին GCHQ երկու աշխատակիցներ։ -0-