USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ուսուցչի ձեռնարկ և մեդիագրագիտության համակարգչային խաղ է ներկայացվել Երևանում

27.10.2014, 16:13
Ուսուցիչների համար ձեռնարկ ու մեդիագրագիտության համակարգչային խաղ է ներկայացվել Երևանում։  
Ուսուցչի ձեռնարկ և մեդիագրագիտության համակարգչային խաղ է ներկայացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ուսուցիչների համար ձեռնարկ ու մեդիագրագիտության համակարգչային խաղ է ներկայացվել Երևանում։ 

Ինչպես նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, ձեռնարկը նախատեսված է ավագ դպրոցների ուսուցիչների համար, ովքեր պարբերականի հիման վրա կկարողանան ներկայացնել աշակերտներին, թե ինչպես է աշխատում մեդիաոլորտը, ինչով է տեղեկատվությունը տարբերվում քարոզչությունից և գովազդից, հիմնական հասկացություններն ու սկզբունքները, որոնք օգտագործում է մեդիան տեղեկություն ներկայացնելու համար։

«Մենք փորձում ենք տեղեկության և գիտելիքների բազաներ ստեղծել, որոնք կօգնեն տարբեր տարիքային խմբերի մարդկանց հասկանալ, թե ինչպես ԶԼՄ–ներն ու մեդիան ավելի լայն իմաստով կարող են ազդել նրանց վրա։ Ըստ էության` դա յուրաքանչյուր անհատի տեղեկատվական պաշտպանության փորձ է, որը հիմնված է մեդիայի մատուցածի նկատմամբ քննադատական մտածողության, քննադատական ընկալման վրա»,– ասաց Սարգսյանը։

Ինչպես հայտնեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը, ձեռնարկը հաստատվել է կրթության և գիտության նախարարության կողմից` որպես լրացուցիչ ուսումնական ձեռնարկ, բայց դրա համար նախատեսված չէ ֆինանսավորում և առանձին ուսումնական ժամեր։

«Մենք պատրաստել ենք մոտ 150 ուսուցիչների ամբողջ երկրում, ովքեր փորձում են ստացած գիտելիքներն օգտագործել իրենց գործունեությունում, առավելապես հասարակագիտության դասերին, իսկ մեր առաջարկած որոշ թեմաներ նույնիսկ ընդգրկված են 9–րդ դասարանի հասարակագիտության դասագրքում»,– ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ ձեռնարկում ներկայացված են 10 հիմնական թեմաներ, որոնց հիման վրա ուսուցիչները կարող են կառուցել իրենց դասը, դրանք մեդիայի ստեղծման սկզբունքներն են, դրանց զարգացումը, վերլուծությունը, ազատության սահմանը և մեդիայի սահմանափակումները, թե ինչ տեսք ունեն դրանք ներսից, տպագիր, ձայնային, հեռուստատեսային և նոր մեդիայի առանձնահատկությունները և մեդիառեսուրսներից ստացած տեղեկության կիրառման հնարավորությունը։

Ըստ նրա` ձեռնարկի հետ տրվում է նաև երկու սկավառակ` մեկի վրա ներկայացված են բոլոր մուլտիմեդիոն հավելվածները և ժողովածուի ուսումնական նյութերը, իսկ երկրորդում` մեդիագրագիտության ինտերակտիվ համակարգչային խաղը` մեդիամարտ, որը դպրոցների ձեռնարկի մի մասն է։

«Ներկայացված խաղում ինտերակտիվ մոտեցման միջոցով երեխաները սովորում են, լրացուցիչ տեղեկություն են ստանում, այդ թվում` ԶԼՄ–ների զարգացման գործընթացի մասին, կարող են ինտերակտիվ ռեժիմով թերթ պատրաստել, հեռուստահաղորդում պատրաստել»,– ասաց Գրիգորյանը, ավելացնելով, որ խաղը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով կազմակերպության կայքում։

Հայաստանում մեդիագրագիտության զարգացման հեռանկարներին նվիրված սեմինարն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 27-28–ին` մեդիագրագիտության հիմնական գործող ծրագրերի քննարկման նպատակով։ Սեմինարի շրջանակում ծրագրվում է ներկայացնել Հայաստանի մեդիագրագիտության մեդիանախագծերի կենտրոնի փորձը, մեդիագրագիտության դասավանդման փորձն Ուկրաինայում, քննարկել փորձագետների համատեղ մոտեցումները մեդիագրագիտության հայեցակարգի մշակման հարցի նկատմամբ։

Սեմինարն անցկացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ` Ժողովրդավարության պաշտպանության եվրոպական հիմնադրամի օժանդակությամբ։ -0-