Ինտերնետ–օգտագործողների թիվը Հայաստանում կհաշվարկվի նոր մեթոդիկայով
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ինտերնետ–օգտագործողների թվի հաշվարկման նոր մեթոդիկա է հաստատել։
Հաստատվել է նաև ինտերնետ–օգտագործողների թվի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ տրամադրող և հրապարակող գերատեսչությունների ցուցակը։
«Մեթոդիկան թույլ կտա կարգավորել Հայաստանում համաշխարհային ցանցի օգտագործողների թվի հաշվարկի համար անհրաժեշտ տեղեկության հավաքման հարցերը։ Արդյունքում մենք կկարողանանք ավելի ճշգրիտ տվյալներ ունենալ հանրապետության` ինտերնետ հասանելիություն ունեցող
անձանց թվի մասին»,– նիստի ընթացքում ասաց տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` Հայաստանի ինտերնետ օգտագործողների թիվը 2012 թվականի սկզբին կազմում էր շուրջ 1.8 մլն։
Բջջային, լայնաշերտ և անլար ինտերնետ–օգտագործողների թիվն արտացոլող ցուցանիշը կազմում է երկրի բնակչության 56 տոկոսը։ Լայնաշերտ Ինտերնետից օգտվողները 380 հազար են, նրանցից`320 հազարը` ֆիզիկական անձինք։
Բջջային ինտերնետի օգտագործողների թիվը կազմում է ավելի քան 1.4 մլն։ Անլար ինտերնետ–օգտագործողների թվի ճշգրիտ տվյալները հստակեցվում են։ -0-