ՀՀ–ում նկատվում է WhatsApp հաշիվների զանգվածայիյն «գողություն»․ ոստիկանությունից հայտնում են, թե ինչպես կարելի է պաշտպանվել
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ օգտատերը սեղմի որևէ հղման կամ փոխանցի SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը, գուշացնում է ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
«Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները», – նշվում է վարչության հաղորդագրության մեջ։
Ինչպե՞ս պաշտպանվել
Միակ և ամենաարդյունավետ միջոցը Երկփուլանի անվտանգության (Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։
Ինչպե՞ս միացնել.
1. Բացեք WhatsApp-ը և գնացեք Settings (Կարգավորումներ)
2. Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը
3. Սեղմեք Two-step verification (Երկփուլանի ամվտանգություն)
4. Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ (անպայման հիշեք այն)
5. Ավելացրեք ձեր էլեկտրոնային հասցեն՝ կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար։
Վարչությունից զգուշացնում են․ եթե հանկարծ WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք որևէ կոդ, և ձեր հավելվածը հանկարծակի դուրս է գալիս հաշվից, անմիջապես փորձեք վերականգնել այն (կրկին Ձեր հեռախոսահամարի միջոցով փորձեք գրանցվել) և տեղեկացրեք ձեր մտերիմներին, որ ձեր անունից կարող են կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։
Հ.Գ. SS7 պրոտոկոլը հայկական չէ, և այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ: