ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն ամենաակտիվն է եղել Facebook սոցիալական ցանցում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ամենաակտիվն է եղել Facebook սոցիալական ցանցում, Մեդիա Կենտրոնում բլոգոլորտի և սոցիալական ցանցերի ազդեցությունը թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում ուրբաթ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ նրա` նախընտրական քարոզարշավի ընթացքում Facebook–ի հայկական լսարանն ակտիվ է եղել, ինչպես երբևէ։
Միաժամանակ նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի տարբեր ժամանակաշրջաններում սոցիալական ցանցի լսարանի ուշադրության կենտրոնում են հայտնվել տարբեր թեկնածուներ` այս կամ այն իրադարձությունից կախված։
«Օրինակ` երբ տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի մահափորձը, մի քանի օր ողջ համացանցը գրեթե խոսում էր նրա մասին»,– ավելացրեց նա։
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն իր հերթին ևս նշեց սոցիալական ցանցերում թեկնածուների աննախադեպ ակտիվությունը, ասաց, որ միայն մեկ թեկնածու` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն, իր գաղափարները սոցիալական ցանցի միջոցով առաջ չի մղում։
Հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեգերյանը Facebook–ի պաշտոնական էջում ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածուների վարկանիշը։
Այսպես, Like–երի քանակով առաջատարի դիրքերում է Րաֆֆի Հովհաննիսյանը (14 350), հաջորդում է Վարդան Սեդրակյանը (5000), Պարույր Հայրիկյանը (4000), Հրանտ Բագրատյանը (3000), Անդրիաս Ղուկասյանը (2000) և Արման Մելիքյանը (650)։ Գործող նախագահը պաշտոնական էջ չունի սոցիալական ցանցում։
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ընտրությունների վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը մեծ է և դրական։
«Մասնավորապես Facebook–բազմաթիվ գաղափարներ է առաջ բերում, որոնք այնուհետև տարածվում են հանրության մեջ»,– ասաց նա։
Ներկա պահին Facebook սոցիալական ցանցում գրանցված է շուրջ 395 հազար օգտատեր Հայաստանից։ Սփյուռքից հայ օգտատերերի հետ Facebook–ի հայ օգտատերերի քանակը, ըստ տարբեր գնահատականների, տատանվում է 1,5–2 միլիոնի սահմաններում։--0--