ՀՀ կրթության նախարարությունը հերքում է առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու մասին տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերքում է որոշ հայկական ԶԼՄ-ների կողմից տարածած տեղեկատվությունը, որ 2012-2013 ուսումնական տարում առաջին դասարանցիներին համակարգիչներ են հատկացվելու, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագրում:
«ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ. ուսումնական տարվանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կրթության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է նաև, որ կառավարության ծրագրի կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում: -0-