USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում մշակույթի ոլորտում մասնագիտացած կայք է ներկայացվել

27.03.2012, 14:55
Մշակույթի ոլորտում մասնագիտացած կայքի (mshakuyt.info) շնորհանդեսը կայացել է երեքշաբթի Երևանում:
Հայաստանում մշակույթի ոլորտում մասնագիտացած կայք է ներկայացվել
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Մշակույթի ոլորտում մասնագիտացած կայքի (mshakuyt.info) շնորհանդեսը կայացել է երեքշաբթի Երևանում:

Նոր ինտերնետ-ռեսուրսում կարող են տեղադրվել մշակույթի ոլորտին վերաբերող ամենատարբեր նյութեր, մասնավորապես՝ արձակ և չափածո ստեղծագործություններ, գիտական հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, պիեսներ, սցենարներ:
    
«Այսօր մենք քիչ մասնագիտացված կայքեր ունենք, և մեր առաջնային խնդիրն է օգնել ստեղծագործող մարդկանց իրենց ստեղծագործությունները հայտնի դարձնելու գործում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կայքի հիմնադիր, պրոդյուսեր և ռեժիսոր Էրիկ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ կայքը հիանալի հարթակ կդառնա ոչ միայն երիտասարդների, այլև ցանկացած տարիքի մարդկանց ինքնաարտահայտման համար:

Բարսեղյանը տեղեկացրեց, որ կայքը կունենա մի շարք բաժիններ՝ թատրոն, կինո, երաժշտություն, կերպարվեստ, գրականություն, վիդեոարտ, ֆոտո, իսկ նյութերը կտեղադրվեն առանց խմբագրման: Իրենց ստեղծագործությունները կարող են ներկայացնել ոչ միայն հայալեզու, այլև ռուսալեզու կամ անգլալեզու հեղինակները:

Նրա խոսքով՝ այժմ կայքի ադմինիստրացիան բանակցություններ է վարում մի շարք հեղինակավոր փորձագետների հետ, ովքեր կարող են զբաղվել ստեղծագործությունների գնահատմամբ: Ինչպես տեղեկացրել է Բարսեղյանը, այդ մարդկանց թվում են կինոգետ Դավիթ Մուրադյանը, հայտնի դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, թատերագետներ Լևոն Մութաֆյանն ու Արա Խզմալյանը:

Կայքի համակարգող Ֆրունզե Գևորգյանն իր հերթին նշեց, որ առաջիկայում պատրաստ կլինի ռեսուրսի դիզայնը: -0-