USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանն անվտանգության նպատակով պետք է իրեն ապահովի ինտերնետի այլընտրանքային ուղիներով. փորձագետ

04.04.2013, 15:18
Հայաստանն այսօր անվտանգության նպատակով ինքն իրեն պետք է ապահովի այլընտրանքային Ինտերնետ–ուղիներով, հինգշաբթի Համացանցի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ինտերնետ Միություն» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը։
Հայաստանն անվտանգության նպատակով պետք է իրեն ապահովի ինտերնետի այլընտրանքային ուղիներով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանն այսօր անվտանգության նպատակով ինքն իրեն պետք է ապահովի այլընտրանքային Ինտերնետ–ուղիներով, հինգշաբթի Համացանցի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ինտերնետ Միություն» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը։

«Մեկ շաբաթ առաջ կատարվել է ամենախոշոր DdoS–գրոհն Ինտերնետի ողջ պատմության ընթացքում։ Հայաստանը և այլ փոքր պետություններ պետք է խորհեն դրա շուրջ։ Այդ գրոհը տարվել է 300 Գիգաբայթ թողունակությամբ, մինչդեռ Հայաստանի ինտերնետի թողունակությունն ընդամենը 40-50 Գիգաբայթ է։ Ստացվում է, որ եթե, ենթադրենք, նման DdoS գրոհն ուղղված լինի մեր երկրի դեմ, ապա մենք պարզապես կկորցնենք կապն ու Ինտերնետը»,– ասաց Սաղյանը։

Ըստ նրա, տվյալ խնդրի լավագույն լուծում կդառնա արբանյակային կապի գործարկումը։

«Անշուշտ, արբանյակային կապը չի ապահովում որակյալ Ինտերնետ, բայց Հայաստանում դրա առկայությունը թույլ կտա նման գրոհի դեպքում դուրս գալ ցանցի և կապի այլընտրանքային ուղիներ»,– ավելացրեց փորձագետը։

Ինչպես հայտնում է The Telegraph, ինտերնետ հասանելիության արագությունը նվազել է գրեթե բոլոր երկրներում մարտի 27–ի աննախադեպ հաքերական գրոհի հետևանքով։ Վտանգը հայտնաբերել է Spamhaus ընկերությունը, որը մասնագիտանում է սպամից պաշտպանվելու բնագավառում։ Այդ կազմակերպության համակարգիչները «սև ցուցակում» ընդգրկել են հոլանդական CyberBunker ինտերնետ–պրովայդերին, որին Spamhaus համակարգը վտանգի աղբյուր է համարել։ Այդ փաստը հաստատում է նաև «Կասպերսկու լաբորատորիան»։ Հոլանդացիներն իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները հերքում են, հայտարարելով, որ իրենց ընկերությունը նույնպես համակարգչահենների զոհ է դարձել։

«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները նշում են, որ հաքերական գրոհը վնասել է համաշխարհային խոշոր ցանցերը և ինտերնետ–տրաֆիկի փոխանակման կետերը։ Վարակված ինտերնետ–ցանցերի և օբյեկտների թիվը հասնում է հարյուր հազարների, եթե ոչ միլիոնի։

DDoS-գրոհը գործում է հետևյալ կերպ` որոշակի թիրախի (ինտերնետ ծառայություն կամ ռեսուրս) ուղարկվում է մի շարք հարցումներ, որոնց այն ի սկզբանե չի կարող պատասխանել։ Ցանցի գերբեռնվածության պատճառով ռեսուրսն ավտոմատ դադարում է պատասխանել։ -0-