Հայաստանի քաղաքացիներին անձնական էլեկտրոնային հասցեներ կտրամադրվեն կառավարության հետ շփվելու համար
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անվճար էլեկտրոնային հասցե կստանա, որպեսզի հնարավորություն ունենա շփվելու կառավարության հետ, երկուշաբթի «Հայաստան. էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող 1,3 մլն եվրո արժողությամբ «Հայաստան. էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը կիրականացվի երկու տարվա ընթացքում:
Ըստ Սարգսյանի՝ էլեկտրոնային փոստի անհատական հասցեների միջոցով ՀՀ քաղաքացիները տեղեկություններ և հաղորդագրություններ կստանան պետական մարմիններից, ինչպես նաև կկարողանան իրենց հաղորդագրություններն ուղարկել:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 2012-2014թթ.-ին էլեկտրոնային կառավարման յոթ նոր համակարգ կներդրվի Հայաստանում:
Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է ազգային արխիվների թվայնացում, ՔԿԱԳ էլեկտրոնային ռեգիստրի, էլեկտրոնային վիճակագրական հաշվետվությունների համակարգի ներդրում, միասնական տեղեկատվական բազայի ստեղծում նախատեսող առողջապահության էլեկտրոնային համակարգի ստեղծում, որը կհամախմբի տարբեր բուժհաստատություններում պահվող հիվանդի վերաբերյալ տվյալները: Նաև կստեղծվի շինարարության համար արտոնագրերի հատկացման էլեկտրոնային համակարգ:
«ՀՀ քաղաքացիների համար շատ կարևոր կլինի «Էլեկտրոնային հյուպատոսարան» համակարգի ներմուծումը: Դրա շնորհիվ ՀՀ քաղաքացիները, օրինակ՝ կկարողանան 15 րոպեի ընթացքում երկարացնել իրենց անձնագրերի ժամկետը»,- ավելացրեց նա:
Սարգսյանը նշեց նաև, որ 2008-2012թթ.-ին ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային կառավարման 15 համակարգ է ներդրվել՝ էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ներդրումից և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից մինչև նույնականացման քարտերը:
Ներկա պահին արդեն 12 հազար նույնականացման քարտ է ներդրվել, որի արդյունքում քաղաքացիներն էլեկտրոնային ստորագրություններ կստանան, առցանց ռեժիմով կօգտվեն էլեկտրոնային ծառայություններից: Նույնականացման քարտը կներառի սեփականատիրոջ բժշկական պատմությունը, ինչը նաև կապահովի ապահովագրավճարների իրականացումն ու պետպատվերի ֆինանսավորումը: -0-