USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի պետական մարմինների կայքերի ավելի քան կեսը բարելավել են տեղեկատվական թափանցիկությունը. դիտարկում

03.12.2012, 20:15
Հայաստանի խոսքի ազատության կոմիտեի փորձագետները Հայաստանի՝ մոնիթորինգ անցած պետական մարմինների ավելի քան կեսի տեղեկատվական թափանցիկության էական բարելավում են գրանցել, հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հայաստանի պետական մարմինների կայքերի ավելի քան կեսը բարելավել են տեղեկատվական թափանցիկությունը. դիտարկում
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խոսքի ազատության կոմիտեի փորձագետները Հայաստանի՝ մոնիթորինգ անցած պետական մարմինների ավելի քան կեսի տեղեկատվական թափանցիկության էական բարելավում են գրանցել, հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մոնիթորինգը, որն իրականացվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից Սանկտ-Պետերբուրգի Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի մեթոդով, իրականացվել է այս տարի երկու փուլով՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը և օգոստոսի մեկից նոյեմբերի 1-ը:

Մոնիթորինգի երկրորդ փուլում ուսումնասիրված 52 կայքերը բաժանվել են 3 խմբերի՝ առաջին խմբում Հայաստանի կառավարությանն առընթեր նախարարությունների և մարմինների  35 կայքեր են, երկրորդում՝ երկրի մարզերում գործող պետական կառույցների 10 կայքեր, երրորդում՝ Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքերը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կայքը:

«Մոնիթորինգի երկրորդ փուլի արդյունքներով, 35 կառավարական կայքերից 25 կայքերի ցուցանիշները նկատելիորեն բարելավվել են ինչպես կոնտենտով, այնպես էլ տեխնիկական չափանիշներով, 5 կայքերի ցուցանիշներ գործնականորեն անփոփոխ են մնացել, իսկ չորսի մակարդակը նկատելիորեն վատացել է: Մեկ կայք դադարել է գործել»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Մելիքյանը:

Մոնիթորինգի երկրորդ փուլի շրջանակներում փորձագիտական գնահատական է տրվել անհրաժեշտ տեղեկության ներկայացման լիարժեքությանը, դրա ամբողջականությանը, կայքում հայտնվելու օպերատիվությանը, հասանելիության աստիճանին:

«Մոնիթորինգն անցկացվել է 177 չափանիշներով, որոնցից 150-ը վերաբերում են կոնտենտին, 27-ը՝ տեխնիկական չափանիշներ են»,- նշեց Մելիքյանը:

Փորձագետի խոսքով, առաջին երկու խմբերի համար կազմվել է տեղեկատվական թափանցիկության վարկանիշ, որի համաձայն, առաջին խումբը գլխավորում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը (www.mta.gov.am), երկրորդ տեղը՝ Արդարադատության նախարարության կայքը (www.moj.am), երրորդը՝ Հայաստանի պետական միգրացիոն ծառայության կայքը (www.smsmta.am):

«Հաշվի առնելով այն, որ, մեթոդիկայի համաձայն, թափանցիկության 50-տոկոսանոց մակարդակը բավականին բարձր ցուցանիշ է, վարկանիշը գլխավորած առաջին երկու կայքերը 60 տոկոսանոց ցուցանիշ են գրանցել»,- ասաց Մելիքյանը:

Վարկանիշի բարձր տեղեր զբաղեցրած կայքերի հիմնական թերությունների թվում փորձագետը նշեց բյուջետային միջոցների ծախսերի հոդվածների, անցկացրած ստուգումների արդյունքների, տրամադրած տեղեկության աղբյուրների, ինչպես նաև թափուր աշխատատեղերի, մրցույթների անցկացման կանոնների մասին տեղեկատվության բացակայությունը:

Երկրորդ խմբի տեղեկատվական թափանցիկության վարկանիշը գլխավորել է Սյունիքի մարզպետարանի կայքը (www.syunik.gpv.am), երկրորդ և երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Լոռու և Արմավիրի մարզպետարանները (www.lori.gov.am, www.armavir.gov.am ):

Մելիքյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի նախագահի կայքը ցածր ցուցանիշներ է ցույց տվել և լրամշակման կարիք ունի:

Մոնիթորինգի առաջին փուլի արդյունքներով, տեղեկատվական թափանցիկությամբ առաջին տեղում է եղել Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կայքը, երկրորդում՝ Տրանսպորտի և կապի նախարարության կայքը (www.mtc.am), երրորդում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի կայքը (www.competition.am): -0-