USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի միգրացիոն պետական ծառայության կայքն առաջատար դիրքում է կառավարական կառույցների շրջանում տեղեկատվության թափանցիկության աստիճանով. դիտարկում

15.11.2013, 15:52
Հայաստանի միգրացիոն պետական ծառայության կայքն առաջատար դիրքում է ՀՀ կառավարությանն առընթեր գործող նախարարությունների և գերատեսչությունների շրջանում տեղադրված տեղեկատվության թափանցիկության աստիճանով, տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը`ներկայացնելով դիտարկման արդյունքները:
Հայաստանի միգրացիոն պետական ծառայության կայքն առաջատար դիրքում է կառավարական կառույցների շրջանում տեղեկատվության թափանցիկության աստիճանով. դիտարկում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միգրացիոն պետական ծառայության կայքն առաջատար դիրքում է ՀՀ կառավարությանն առընթեր գործող նախարարությունների և գերատեսչությունների շրջանում տեղադրված տեղեկատվության թափանցիկության աստիճանով, տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը`ներկայացնելով դիտարկման արդյունքները:

Մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 14-ն անցկացված դիտարկման ընթացքում կոմիտեն ուսումնասիրել է պետական կառույցների 51 կայք: Դիտարկումն իրականացվում էր 152 չափանիշով, այդ թվում` կայքում տեղեկատվության առկայության, դրա ամբողջականության, կայքում տեղադրման օպերատիվության և տեխնիկական հասանելիության ուղղությամբ:

«Միգրացիոն պետական ծառայության կայքի թափանցիկությունը կազմել է 96,7 տոկոս, ինչը ՀՀ կառավարությանն առընթեր նախարարությունների և մյուս մարմինների շրջանում լավագույն ցուցանիշն է: Այդ ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը (96,2%), որը նախորդ տարի առաջատար դիրք էր զբաղեցնում, իսկ երրորդ տեղը` Արդարադատության նախարարությունը (88,9%)»,-ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Ըստ նրա, վարկանիշի աութսայդերն են դարձել Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (19,1%), Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (21,2%) և ՀՀ մշակույթի նախարարությունը (22,1%):

Ընթացիկ տարում մարզպետարանների շրջանում տեղեկատվության թափանցիկության աստիճանով առաջատար է դարձել Կոտայքի մարզը (95,2%), որին հաջորդում են Լոռու և Գեղարքունիքի մարզերը (համապատասխանաբար 93,8% և 92,1%)։ Վերջին դիրքերում են հայտնվել Արագածոտնի (45,8%), Սյունիքի  (53,4%) և Շիրակի (60,1%) մարզպետարանների կայքերը։

Մելիքյանը տեղեկացրեց, որ Կոմիտեն ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատրանի, Գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և Օմբուդսմենի պաշտոնական կայքերի առանձին դիտարկում է իրականացրել։

«Այդ յոթ պետական կառույցներից առավել թափանցիկ է գտնվել Ազգային ժողովի կայքը (80,1%), իսկ ՀՀ նախագահի կայքի թափանցիկության աստիճանը գրեթե չի փոխվել անցյալ տարվա համեմատ (35,3%)», - տեղեկացրեց նա։

Կայքերի մեծ մասի հիմնական թերությունների թվում Կոմիտեի նախագահը նշեց տարեկան բյուջեի և բյուջետային միջոցների ծախսերի, ինչպես նաև տվյալ գերատեսչության թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության բացակայությունը։

Հայաստանում նման դիտարկումներ անցկացվել են նաև 2011 և 2012 թվականներին։ –0–