Հայաստանի բնակիչների կեսից ավելին օգտվում է համացանցից
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակիչների կեսից ավելին օգտվում է համացանցից։ Տվյալ ցուցանիշով 2012թ.–ին, 2010թ.–ի համեմատ, էական աճ է նկատվում, ասվում է kavkaz-uzel.ru կայքում տեղադրված տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հրապարակման մեջ։
Հրապարակման մեջ` հղում անելով Caucasus Research Resource Centers (CRRC) կովկասյան հետազոտական կենտրրոնի` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ինտերնետի օգտագործման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության տվյալներին, նշվում է, որ Հայաստանն առաջատարի դիրքերում է համացանցից օգտվելու հաճախականությամբ։ Վերլուծության համաձայն, Հայաստանում 2012թ.–ին շաբաթը մեկ անգամ համացանցից օգտվել է բնակչության 44 տոկոսը` 2010թ.–ի 28 տոկոսի դիմաց։ Միաժամանակ Վրաստանում այդ ցուցանիշը 2012թ.–ին կազմել է 35 տոկոս` 2010թ.–ի 27 տոկոսի դիմաց, իսկ Ադրբեջանում` 19 տոկոս` 10 տոկոսի դիմաց։
Հատկանշական է, որ Հայաստանում այնպիսի մարդ չկա, ով չիմանա, թե ինչ է համացանցը, այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 12 տոկոս, իսկ 4 տոկոսն ընդհանրապես դժվարացել է պատասխանել այդ հարցին։ Վրաստանում 2012թ.–ին համացանցից չօգտվող մարդկանց քանակը կազմել է 6 տոկոս` 4 տոկոսի դիմաց։
Հայաստանում հարցվածների 33 տոկոսը որպես համացանցից չօգտվելու պատճառ նշել են, որ իրենց դա հարկավոր չէ (Վրաստանում` 25%, Ադրբեջանում` 19%)։Մյուս պատճառների թվում ՀՀ բնակիչները մատնանշել են նաև համակարգչի հասանելիության բացակայությունը (31%), հետաքրքրություն չունենալը կամ անհրաժեշտության բացակայությունը (15%), օգտատիրական գիտելիքների պակասը (9%), ժամանակի պակասը (4%), ինչպես նաև հեռախոսագծի, մոդեմի կամ միացման այլ հնարավորությունների բացակայությունը (2%)։
Հատկանշական է, որ այդ պատճառն ամենից քիչ մատնանշել են հենց Հայաստանում, Վրաստանում համացանցի միացման բացակայությունը նշել է հարցվողների 7 տոկոսը, իսկ Ադրբեջանում` 20 տոկոսը։
Համացանցից օգտվելու համար մոտիվացիայի համատեքստում առավել սոցիալիզացված են գտնվել Վրաստանի բնակիչները. Պատասխանողների 70 տոկոսը որպես համացանցի օգտագործման մոտիվացիա մատնանշել է սոցիալական ցանցերը (Հայաստանը` 53%, Ադրբեջանը` 50%)։Ւսկ Հայաստանի բնակիչներն առավել շատ քաղաքական ակտիվություն են ցուցաբերում` հարցվողների 25 տոկոսը համացանցում է նորություններ ընթերցում, դիտում կամ լսում (Վրաստան` 22%, Ադրբեջան` 16%)։ Հայաստանն առավել առաջ է անցնում հարևան երկրներին Skype–ի օգտագործմամբ` 52 տոկոս` Ադրբեջանի 23 և Վրաստանի 31 տոկոսի դիմաց։ Ադրբեջանում առավել շատ երաժշտություն և տեսահոլովակներ են ներբեռնում և լսում` 37% (Հայաստան` 19%, Վրաստան` 22%)։
Ըստ ընթացիկ տարվա փետրվարի տվյալների` ընդհանուր առմամբ Հայաստանում, փորձագիտական գնահատականների համաձայն, մոտ 1,4 մլն ինտերնետ օգտատեր կա։ –0–