Նախորդ օրվա ընթացքում շուրջ տասը հայկական կայք է կոտրվել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ օրվա ընթացքում կոտրվել են շուրջ տասը հայկական կայքեր, այդ թվում նաև «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի էլեկտրոնային տարբերակը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ ինտերնետային կայքերը կոտրվել են նույն խմբի կողմից (հավանական է, որ խումբն ադրբեջանական է), որը մի քանի օր առաջ գրոհ էր կազմակերպել շուրջ քսան հայկական կայքերի, այդ թվում նաև Ազգային արխիվի կայքի վրա:
Կիրակի և լույս երկուշաբթի գիշերը կոտրվել են UNDP/GEF –ի «Ազգային ներուժի գնահատական» նախագծի, Global Bridge կրթական կենտրոնի, «Զարգացում և ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության, «Հույսի կամուրջ» հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպության կայքերը:
Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ գրոհները սկսվել էին դեռ կիրակի կեսօրին: Հենց նոր կոտրվել է persons.am կայքը:
Մոտավորապես երկու շաբաթ առաջ ադրբեջանական հակերները կոտրել էին ևս 20 հայկական կայքեր, որոնց թվում էին այնպիսի կարևոր կառույցների և ընկերությունների ռեսուրսներ, ինչպիսիք են՝ Արարատյան Հայրապետական թեմը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի հրեաների համայնքը, «Valex-group» ընկերությունը և այլն:-0-