Google Docs-ի հետ աշխատանքը հասանելի է Google+-ի տեսահանդիպումների բոլոր մասնակիցների համար
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Google Docs-ում փաստաթղթերի հետ համատեղ աշխատանքն այժմ հասանելի է տեսահանդիպումների բոլոր օգտագործողների համար (Hangouts) Google+ սոցիալական ցանցում, վկայում են սոցցանցի տվյալները:
Ավելի վաղ Google Docs-ի հետ ինտեգրումը` տեսահնադիպումների ժամանակ փաստաթղթերի հետ համատեղ աշխատանքի հնարավորությունը, հասանելի է եղել միայն այն օգտագործողներին, ովքեր միացրել են Hangouts Extra փորձարարական նախագիծը, որը նախատեսված է Google+ տեսազրույցի նոր գործառույթների թեստավորման համար:
Այսօրվանից տեսահանդիպմանը միացած ցանկացած օգտագործող կկարողանա ավելացնել կամ ստեղծել նոր ֆայլ` ընտրելով էջի վերին հատվածում համապատասխան ներդիր, նշում է The Verge պարբերականը: Բացի այդ, նա կկարողանա նայել և խմբագրել տեսահանդիպման այլ մասնակիցների ավելացրած փաստաթղթերը: Հանդիպման ընթացքում ստեղծված գրառումները պահպանվում են Google Docs-ում, այդ իսկ պատճառով հասանելի են նաև տեսահանդիպումից հետո:
Փաստաթղթերի հետ աշխատելու հնարավորությունը դարձել է տեսահանդիպումների ծառայությանը դրա գործարկումից հետո ավելացված երկրորդ գործառույթը: Առաջինը 2012 թվականի հունվարին զրուցակիցներին սեփական համակարգչի էկրանը ցույց տալու հնարավորությունն է եղել: Google Docs ծառայությունը թույլ է տալիս նաև շփվել Google Talk չատում իրական ժամանակում ֆայլերի հետ աշխատանքի ընթացքում: Սակայն Google+ նոր գործառույթն արտացոլում է Google ինտերնետ ընկերության ցանկությունն ավելի սերտ ինտեգրելու իր սոցիալական ցանցն այլ հաջողված պրոդուկտներում:
Նախորդ տարվա հունիսին գործարկած Google+ սոցցանցի օգտագործողների թիվը գերազանցել է 90 միլիոնը: -0-