Գլոբալ խափանում․ Cloudflare–ի խնդիրների պատճառով խափանվել է համաշխարհային առցանց հարթակների աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան Cloudflare համակարգում տեղի ունեցած տեխնիկական անսարքությունները, որի ծառայություններից օգտվում են բազմաթիվ գլոբալ ինտերնետային ռեսուրսներ, հանգեցրել են լայնամասշտաբ խափանման։ Ընկերությունից հայտնել են, որ իրականացվում է համակարգի պլանային սպասարկում, հաղորդում է ՌԲԿ-ն։
«Ներկայումս իրականացվում է պլանային տեխնիկական սպասարկում։ Անհրաժեշտության դեպքում մենք կտրամադրենք թարմացումներ»,- ասվում է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Անսարքությունները վերացնելու աշխատանքները տարվում են DTW (Դեթրոյթ) և ORD (Չիկագո) տվյալների կենտրոններում։
Նախատեսվում է, որ աշխատանքները կտևեն մինչև Մոսկվայի ժամանակով 16:00-ն։
Ընկերությունից պարզաբանել են, որ Cloudflare-ը ուսումնասիրում է խնդիրները կայքի կառավարման վահանակի (Control Panel) և դրա հետ կապված API-ների հետ։
«Դա ազդում է այն հաճախորդների վրա, ովքեր օգտվում են Cloudflare-ի կառավարման վահանակից/API-ներից, քանի որ հարցումները կարող են չիրականացվել և/կամ ցուցադրվել սխալներով»,- ասվում է հրապարակման մեջ։
Cloudflare-ն ամերիկյան ընկերություն է, որը տրամադրում է ծառայություններ կայքերի և օնլայն ծառայությունների անվտանգության և արդյունավետության օպտիմալացման համար։
Օգտատերերը բողոքում են Zoom, Canva, LinkedIn, Down Detector ծառայությունների աշխատանքի խափանումներից։ Տուժել են ռիթեյլերների՝ Shopify, Etsy, Wayfair, H&M կայքերը, ինչպես նաև որոշ լրատվական ԶԼՄ-ների ռեսուրսներ, այդ թվում՝ Politico, Axios, BBC։ Խափանումներ են նկատվում նաև Open AI-ի արհեստական բանականության ծառայությունների, այդ թվում՝ ChatGPT-ի աշխատանքում։
Cloudflare-ի աշխատանքի նախորդ խափանումը տեղի էր ունեցել նոյեմբերի 18-ին։ Ընկերությունը նախազգուշացրել էր պլանային տեխնիկական աշխատանքների մասին, իսկ հետո ծանուցել օգտատերերին ծառայության հետ կապված խնդիրների մասին։