USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Արհեստական բանականությամբ զինված մարդանման ռոբոտները մարդկությանը կազատեն կենցաղային մի շարք հոգսերից. Հակոբ Արշակյան

06.11.2025, 17:19
Արշակյանը նշել է, որ արհեստական բանականությունը արդեն փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաները, և առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը և կենցաղը
Արհեստական բանականությամբ զինված մարդանման ռոբոտները մարդկությանը կազատեն կենցաղային մի շարք հոգսերից. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խոսել է արհեստական բանականության ազդեցության մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 6-ին մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովին, որտեղ անդրադարձել է նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության՝ առանցքային նշանակությանը Հայաստանի զարգացման համար:

Արշակյանը նշել է, որ արհեստական բանականությունը արդեն փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաները, և առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը և կենցաղը:

«Առերեսվում ենք մի իրավիճակի, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաներ: Այն արդեն մեր կյանքում է, բայց դրա ներկայությունը, կարծում եմ, առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը»,-ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ արհեստական բանականությամբ զինված մարդանման ռոբոտները մարդկությանը կազատեն կենցաղային մի շարք հոգսերից՝ հնարավորություն տալով ավելի շատ զբաղվելու կրթությամբ, գիտությամբ և ստեղծարար աշխատանքով:

ԱԺ փոխնախագահը կարևոր նշանակություն է տվել նաև երկրի անվտանգությանը և անկախությանը՝ փաստելով, որ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կապված են լինելու այն հանգամանքի հետ, թե որքանով են դրանք կարողանում օգտագործել արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան և ավիատիեզերական տեխնոլոգիաները:

Արշակյանը կարևորել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքները՝ մասնավորապես Նորարարության հայկական հիմնադրամի ստեղծումը, որը երկարաժամկետ պետական ծրագրերի իրականացման համար պատասխանատու մարմին է:

Համաժողովում քննարկվել են Հայաստանի ինտերնետ դիմակայության, թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետի հասանելիության և տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն ու մարտահրավերները: