USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Խոշորագույն արտահոսք պատմության մեջ. գողացել են ԱՄՆ 4 մլն պաշտոնյաների անձնական տվյալները և գործերը

05.06.2015, 12:58
ԱՄՆ–ը կրկին մեղադրել է Չինաստանին` պետության վրա կիբերհարձակում կատարելու մեջ։ Այս անգամ, իշխանությունների տվյալներով, չարագործները թափանցել են ԱՄՆ կառավարության կադրային վարչության ցանց, որտեղ պահվում են շուրջ 4 մլն պետական ծառայողների մասին տվյալներ։ Պաշտոնյաները դա անվանել են պատմության մեջ խոշորագույն միջադեպը։
Խոշորագույն արտահոսք պատմության մեջ. գողացել են ԱՄՆ 4 մլն պաշտոնյաների անձնական տվյալները և գործերը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ը կրկին մեղադրել է Չինաստանին` պետության վրա կիբերհարձակում կատարելու մեջ։ Այս անգամ, իշխանությունների տվյալներով, չարագործները թափանցել են ԱՄՆ կառավարության կադրային վարչության ցանց, որտեղ պահվում են շուրջ 4 մլն պետական ծառայողների մասին տվյալներ։ Պաշտոնյաները դա անվանել են պատմության մեջ խոշորագույն միջադեպը։

Հաքերները կոտրել են ԱՄՆ կառավարության կադրային վարչության տվյալների բազան, որտեղ տվյալներ կան շուրջ 4 մլն պետծառայողների մասին, հաղորդում է Wall Street Journal–ը։ Թերթի աղբյուր պաշտոնյաների խոսքով` կատարված միջադեպը դարձել է պատմության մեջ խոշորագույնը ԱՄՆ կառավարության վրա նման հարձակումների շարքում, հաղորդում է cnews.ru–ն։

ԱՄՆ կառավարության կադրային վարչությունը պահում է ԱՄՆ պետական ապարատի աշխատակիցների գործերը, կենսաթոշակային վճարումների  և պարգևատրումների մասին տեղեկատվություն, ինչպես նաև զբաղվում է աշխատակիցների հուսալիության ստուգմամբ` նրանց պետական գաղտնիքի աստիճանների հասանելիություն տրամադրելիս։

Ցանցի կոտրումը 2015թ.–ի ապրիլին նկատել է Ներքին անվտանգության նախարարությունը Einstein համակարգի օգնությամբ, որը ստեղծվել է կապի դաշնային ցանցերի համար։

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Նախնական տվյալներով` հարձակումը կատարել են չինացի հաքերները։

ՀԴԲ ներկայացուցիչները չեն ասում, թե հատկապես ինչ տեղեկատվություն է գողացվել։ Բայց, նրանց խոսքով, վարչության սերվերներում պահվող տվյալները կարող են օգտագործվել հաքերների կողմից` անձնական տվյալները գողանալու և խարդախության համար։

2014թ.–ին հաքերներն արդեն կոտրել են կադրերի վարչությունը։ Քննիչները կարծում են, որ նախորդ տարվա հարձակումը կատարել է այլ խմբավորում, քանի որ օգտագործվել են ներթափանցման ավելի խրթին մեթոդներ։

ԱՄՆ–ում Չինաստանի դեսպանատունը հերքել է չինացի հաքերներին հարձակման մեղադրանքները։ «Եզրակացությունների և ենթադրությունների վրա հիմնված մեղադրանքներն անպատասխանատու են և անարդյունավետ»,– հայտարարել է Reuters գործակալությանը դեսպանատան ներկայացուցիչ Չժու Խայցյուանը։

2015թ.–ի մարտին հայտնի էր դարձել, որ Չինաստանում գործում են կիբերզորքեր, որոնց խնդիրն է ոչ միայն պաշտպանությունը, այլ նաև արտասահմանյան պետությունների ցանցերի վրա գրոհները։ Դա պարզվել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի պաշտոնական ռազմական հանրագիտարանից` հրապարակված որոշ ժամանակ առաջ։-0-