ՀՖՖ–ի և «Անտարես» մեդիա–հոլդինգի կազմակերպած մրցույթի հաղթողը «SAMSUNG LED» հեռուստացույց ստացավ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Անտարես» մեդիա–հոլդինգի կազմակերպած մրցույթի հաղթողը «SAMSUNG LED» հեռուստացույց ստացավ։
Մրցույթն անցկացվել է մայիսի 15-ից մինչև հունիսի 19-ը: Ըստ մրցույթի կանոնակարգի՝ մասնակիցները պետք է գնեին «ԵՎՐՈ 2012»-ի պաստառը, www.hayastanhuptur.am կայքում լրացնեին հայտը, գուշակեին եզրափակիչ խաղի մասնակից թիմերի անունները և խաղի hաշիվը։
Մրցույթի հաղթողը որոշվում էր վիճակահանությամբ, դա Վանաձորի բնակիչ Սասուն Մարկոսյանն է։ Վիճակահանությանը մասնակցել է 14 մարդ, ովքեր գուշակել են ինչպես «Եվրո-2012»–ի եզրափակիչ խաղի մասնակիցներին, այնպես էլ հաղթողներին։
Մրցույթի մյուս երկու հաղթողները ստացել են ֆոտոխցիկ և բջջային հեռախոս։ Մնացածներին հանձնվել են խրախուսիչ մրցանակներ` եռամսյա ինտերնետ–բաժանորդագրում և Հայաստան–Բելառուս խաղի տոմս։
«Մենք նմանատիպ միջոցառում ենք կազմակերպում արդեն երկրորդ անգամ և ձգտում ենք, որ Հայաստանում բարձրանա հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ»,– ասաց «Անտարես» մեդիահոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ նրա, Հայաստանում ֆուտբոլի մասսայականացումը կհանգեցնի ֆուտբոլիստների թվի աճի, ինչը, իր հերթին, թույլ կտա հայկական ֆուտբոլին ավելի արժանի տեղ զբաղեցնել աշխարհում։
Մրցույթի հովանավորը «Սամսունգ» ընկերությունն է։ -0-