USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Չինաստանում տեղի է ունեցել համացանցի պատմության մեջ խոշորագույն խափանումը

24.01.2014, 12:24
Չինաստանում հարյուր միլիոնավոր օգտատեր, սկսած 2014 թ.–ի հունվարի 21–ի ժամը 03։15–ից, չեն կարողացել մուտք գործել բազմաթիվ տեղական կայքեր, այդ թվում Baidu և Sina հանրահայտ ռեսուրսները, հաղորդում է  Cnews –ը` հղում անելով Reuters–ին։
Չինաստանում տեղի է ունեցել համացանցի պատմության մեջ խոշորագույն խափանումը
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Չինաստանում հարյուր միլիոնավոր օգտատեր, սկսած 2014 թ.–ի հունվարի 21–ի ժամը 03։15–ից, չեն կարողացել մուտք գործել բազմաթիվ տեղական կայքեր, այդ թվում Baidu և Sina հանրահայտ ռեսուրսները, հաղորդում է  Cnews –ը` հղում անելով Reuters–ին։
Պատճառը 2003 թ.–ին ՉԺՀ–ի կառավարության գործարկած «մեծ չինական Firewall»-ի (ինտերնետ կոնտենտի զտման համակարգ) խափանումն է եղել։ Դրա օգնությամբ պետությունն արգելափակում է անցանկալի օտարերկրյա ռեսուրսների և հրապարակումների նկատմամբ քաղաքացիների հասանելիությունը։

Հանգամանքների պատահական զուգադիպմամբ տեղական ռեսուրս բացելիս չինացի օգտատերերը հայտնվում էին Dynamic Internet Technology (DIT) ամերիկյան ընկերության էջում, որն առաջարկում է Freegate ծառայությունը «մեծ չինական Firewall»-ը շրջանցելու համար։ DIT ընկերությունն իր կապը այս միջադեպի հետ հերքել է։

Խափանումը տևել է մոտ 8 ժամ։ Եվ որոշ փորձագետներ արդեն հասցրել են այն համարել խոշորագույնը պատմության մեջ։ «Նախկինում նման մասշտաբի խափանում չէի տեսել», – ասել է Դետրոյթի Compuware ընկերությունում աշխատող Հեյկո Սպեխտը (Heiko Specht)։ Նրա խոսքը մեջբերում է The New York Times թերթը։

Կառավարությունում հերքել են այն ենթադրությունը, թե խափանումը ներկա պետական ռեժիմի հակառակորդների կազմակերպած կիբեր–գրոհի հետևանք է։ Իշխանությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ խափանման պատճառը Firewall–ի կարգավորումների խմբագրման ընթացքում բաց թողած տեխնիկական սխալն է։

Qihoo 360 Technology չինական ընկերության տվյալներով, որը զբաղվում է տեղեկատվական անվտանգությամբ, խափանումն անդրադարձել է DNS չինական սերվերների գրեթե երեք քառորդի վրա։ DNS սերվերները կապում են թվային IP հասցեները դոմենների տառային նշանակության հետ` նման կերպով ապահովելով ինտերնետի գործունեությունը։

Օրերս Չինաստանը Ռուսաստանի հետ միասին ճանաչվել է հիմնական ագրեսորներից մեկը համաշխարհային կիբեր–տարածքում։ Նման եզրահանգման է եկել CrowdStrike ամերիկյան ընկերությունը, որը վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած առավել հայտնի հաքերական գրոհների մասին տեղեկություններ է հավաքել։–0–