USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ԶՈՒ պաշտոնական էջը կհայտնվի «dasaran.am» կրթական ծրագրի կայքում

18.11.2013, 16:37
ՀՀ Զինված ուժերի պաշտոնական էջը կհայտնվի «dasaran.am» կրթական ծրագրի կայքում, տեղեկացրեցին ծրագրի մամուլի ծառայությունից։

ՀՀ ԶՈՒ պաշտոնական էջը կհայտնվի «dasaran.am» կրթական ծրագրի կայքում

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Զինված ուժերի պաշտոնական էջը կհայտնվի «dasaran.am» կրթական ծրագրի կայքում, տեղեկացրեցին ծրագրի մամուլի ծառայությունից։

Նոր նախագծի շրջանակում «dasaran.am» կրթական ծրագրի կայքում կհայտնվի «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով էջը: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:

Մասնավորապես, նախատեսվում է «Dasaran.am»-ի կայքում բացել զինված ուժերին վերաբերող պաշտոնական էջ, որտեղ կշոշափվեն բանակի առօրյա անցուդարձի մասին մեր աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր։ Նորարարական մեթոդով կուսուցանվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան. աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ ազգային հերոսներին և ռազմական պատմությանն առնչվող թեմաներին, տեղեկանալ ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների մասին, առաջարկվող զինվորական մասնագիտություններին և ընդունելության կարգին, իրազեկվել զինված ուժերում մարդու իրավունքներին:

Նախաձեռնությունը հնարավորություն կտա նորարարական և ստեղծագործական լուծումներով շոշափելի ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության աշակերտների շրջանում ռազմական և հայրենասիրական դաստիարակության խթանման գործում:

2010թ.–ին գործարկված dasaran.am կայքի նպատակն է ուսումնական գործընթացները վերահսկելու մեխանիզմների ստեղծումը, դպրոցների գործունեության թափանցելիության մակարդակի բարձրացումը և ծնողների, աշակերտների և ուսուցիչների միջև կապի համապատասխան համակարգի ձևավորումը։

Նախագիծն իրականացվում է «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։ –0–