USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ինեկոբանկը գործարկել է InecoPay վճարային համակարգը. այսուհետ գնումների համար կարելի է վճարել սմարթֆոնով

09.10.2018, 16:18
Այսուհետ Հայաստանում գնումների համար կարելի է վճարել սմարթֆոնով, Ինեկոբանկը գործարկել է InecoPay նորարարական վճարային համակարգը։
Ինեկոբանկը գործարկել է InecoPay վճարային համակարգը. այսուհետ գնումների համար կարելի է վճարել սմարթֆոնով

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ Հայաստանում գնումների համար կարելի է վճարել սմարթֆոնով, Ինեկոբանկը գործարկել է InecoPay նորարարական վճարային համակարգը, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

InecoPay նոր համակարգը թույլ է տալիս անկոնտակտ վճարումներ իրականացնել հենց սմարթֆոնով։ Համակարգից օգտվելու համար պարզապես հարկավոր է ներբեռնել հավելվածը, ակտիվացնել ինտերնետն ու առևտրային կետում սքանավորելով QR կոդը` մուտքագրել վճարման համար անհրաժեշտ գումարը, ընտրել այն հաշիվը, որից պետք է գանձվի գւմարը և վճարել։ InecoPay համակարգում վճարումներ կարելի է իրականացնել ոչ միայն Ինեկոբանկի հաշիվներից, այլև կցել տարբեր բանկերի վճարային քարտեր (ArCa, Visa, MasterCard) և իրականացնել վճարումներ։

 «Մենք, փաստորեն, ձևավորել ենք Հայաստանում առաջին լիարժեք թվային բանկինգը` հաճախորդների համար հասանելի դարձնելով ֆինանսավորման գործիքները, խնայողությունների և վճարումներ կատարելու հնարավորությունը», – ասաց Նալթակյանն` ընդգծելով, որ դրա համար պարզապես հարկավոր է ունենալ սմարթֆոն և ինտերնետ։

Նա նաև ընդգծեց, որ նույնիսկ եթե հաճախորդների մոտ առաջանում են չնախատեսված ծախսեր, ապա սմարթֆոնով կատարած մեկ գործողությամբ հնարավոր է ակնթարթորեն ստանալ հավելյալ ֆինանսական միջոցներ, ձևակերպել վարկ և կատարել անհրաժեշտ վճարումներ։

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Նարեկ Բեժանյանի խոսքով, InecoPay –ն ապահովում է բանկային գործառույթների հասանելիությունը և միաժամանակ երաշխավորում է անվտանգության բարձր մակարդակ, քանի որ սմարթֆոններն արդեն ունեն պաշտպանության մի քանի աստիճան, այդ թվում` մատնահետքի, դեմքի սքաներ, որոնք երաշխավորում են տվյալների անվտանգությունը։

InecoPay համակարգին արդեն միացել է ավելի քան հազար գործընկեր տարբեր ոլորտներից, որոնք գրեթե ամբողջովին ծածկում են Երևանի տարածքը։ Միաժամանակ, շարունակաբար ընդլայնվում է ցանցը, որպեսզի InecoPay–ի հաճախորդները վստահ լինեն, որ կարող են գնումներ կատարել ցանկացած վայրում` սկսած բակային փոքր խանութներից մինչև խոշոր սուպերմարկետներ ու առևտրի կենտրոններ։

Ընկերությունը համակարգին միանալու համար պարտադիր չէ լինել Ինեկոբանկի հաճախորդ, դրա համար պարզապես հարկավոր է ներկայացնել առցանց դիմում, բանկի աշխատակիցներն անձամբ կայցելեն ընկերություն, կտրամադրեն QR կոդ և կուսուցանեն աշխատակիցներին։

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն այսօր Հայաստանում գործող միակ թվային բանկն է, որն ապահովում է թվային ծառայությունների ամբողջական համալիր ֆիզիկական անձանց համար։ Բանկի թվային լուծումներից օգտվում է ավելի քան 150 հազար հաճախորդ։ Միաժամանակ բանկը շարունակում է ներդնել ու զարգացնել հարմար և անվտանգ բանկային թվային ծառայություններ։ Բանկը նպատակ ունի միավորել բոլոր ֆինանսական գործիքները մեկ անվտանգ միջավայրում, որը թույլ կտա իրականացնել փոխանցումներ, ձևակերպել ավանդներ, ստանալ վարկեր և անմիջապես սմարթֆոնից կատարել վճարումներ տարբեր ծառայությունների համար։  

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

Մասնավորապես, 2009թ.-ին բանկն առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպե։

2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ բանկն առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով: 

2014թ.-ին ներդրվեց InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

2017թ.-ին բանկն առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:–0–