Orange Armenia-ն կրկնակի ավելացնում է առանց սահմանափակման ինտերնետի սակագների ծավալները
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային ընկերությունը հունիսի 1-ից կրկնակի ավելացնում է «Ինտերնետ հիմա» և MyFi սակագնային փաթեթի ինտերնետ սակագնի ծավալները, հայտնեց ընկերության մարկետինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը։
«Կատարված փոփոխությունները վերաբերում են ինչպես սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթների ծավալին, այնպես էլ անսահմանափակ ինտերնետի արագությանը: Ըստ այդմ, Ինտերնետ Հիմայի և MyFi-ի բոլոր սակագնային պլաններում ավելացվել է համաչափորեն աճող 1-ից մինչև 4ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, ինչի արդյունքում հունիսի 1-ից 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ (+1ԳԲ), 9,000-ինը` 6 գիգաբայթ (+2 ԳԲ), 11,000-ինը` 11 գիգաբայթ (+3 ԳԲ), իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ (+4 ԳԲ)»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մկրտչյանը։
Բացի այդ, նա նշեց, որ Orange-ը 50-ից 100%-ով ավելացրել է նաև անսահմանափակ ինտերնետի արագությունը: Հունիսի 1-ից 6,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 128Կբ/վ արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն կրկնակի բարձր` 256Կբ/վ արագությամբ: Մյուս սակագնային պլանների համար անսահմանափակ ինտերնետի արագությունը բարձրացվել է 50%-ով և նախկին 256Կբ/վ-ի փոխարեն այժմ կլինի 384Կբ/վ: Ընդ որում, կրկնապատկվել է վերբեռնման արագությունը բոլոր սակագնային պլանների համար:
Մկրտչյանն ավելացրեց, որ Orange-ը հատուկ նորություն ունի այն բաժանորդների համար, ովքեր ընկերության ինտերնետի ծառայություններից օգտվում են 12 ամիս և ավելի: Այսուհետ հասնելով 12-րդ ամսին` բաժանորդներն ավտոմատ կերպով կսկսեն ստանալ ամսական հավելյալ մեկ գիգաբայթ գերարագ ինտերնետ:
Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան իր հերթին հայտնեց, որ Orange –ի վերջին առաջարկներն ընկերության համար նոր մեկնարկ կապահովեն։ Ըստ նրա՝ Orange Armenia-ն, որի ինտերնետ բաժանորդների քանակն այսօր շուրջ 60 հազար մարդ է, կարող է դեռ Orange-ի ծառայությունների չօգտվող ավելի շատ մարդկանց ներգրավել։
«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն:-0-